Արոտավայրերի բացակայություն, հին ջրհորներ ու մշակույթի տան տանիքին աճած ծառեր. սահմանամերձ Երազգավորս գյուղը
Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Երազգավորս գյուղը 1980-ականներին է հիմնադրվել: Նախկին գյուղը, Ախուրյանի ջրամբարի կառուցմամբ պայմանավորված, տեղափոխվել է:
Հիմնադրումից հետո, 10 տարվա ընթացքում Երազգավորսում շատ ավելի մեծ աշխատանք է կատարվել, քան հաջորդած 30 տարիներին, երբ ամենաակնառու իրադարձությունը Երազգավորսի և հարևան գյուղերի հսկայական ոռոգման ցանցի ապամոնտաժումն էր, որը թեև կատարվեց փաստաթղթավորված, բայց ջրախողովակները տեղափոխվեցին անհայտ ուղղությամբ: Հետո արդեն տրամաբանությունից զուրկ կլիներ մտածել, որ առանց ոռոգման ցանցի գյուղը կարող է զարգանալ:
Երազգավորսը, Շիրակի մարզի շատ գյուղերի նման, մնաց անլուծելի խնդիրներով բնակավայր. արտագաղթի մեծ ծավալներ, երաշտի ու կարկտահարության հետևանքով անեկամտաբեր գյուղատնտեսություն և այլն: Գյուղում ինչ որ բան փոխելու նախաձեռնողներ էլ եղան, բայց ձախողումներն ավելի շատ էին: