ԱՄՆ-ը շտապեցնում է Ադրբեջանին, քանի որ Ռուսաստանը զբաղված է պատերազմով. քաղաքագետ | Region

ԱՄՆ-ը շտապեցնում է Ադրբեջանին, քանի որ Ռուսաստանը զբաղված է պատերազմով. քաղաքագետ

Հունիս 26,2024 14:27

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքման կարևորությունը:

«Միացյալ Նահանգները շտապեցնում է Ադրբեջանին, քանի որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի հետ պատերազմով և չի կարող միջամտել այս տարածաշրջանում, այդ առումով հարմար պահ է, պետք է արագորեն պայմանագիր կնքել և նաև Սյունիքը լինի ամերիկացիների վերահսկողության տակ, Ադրբեջանին՝ հակառակը, պետք  է, որ Սյունիքով անցնող ճանապարհն ամբողջությամբ իր վերահսկողության տակ անցնի, բայց ոչ թե Հայաստանի հետ պայմանավորվի, այլ ժամանակ ձգի, որպեսզի պատերազմի միջոցով գրավի, դա իրենց համար ավելի ձեռնտու տարբերակ է»: Այս մասին REGIONS TV-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Հայաստանի հետ ԱՄՆ-ի համագործակցության ներկա փուլը գնահատելիս՝ քաղաքագետը հիշեցնում է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի հետ մի հարցազրույց, որտեղ լրագրողի դիտարկմանը, թե ենթադրենք իրավիճակ ստեղծվի, որ Ադրբեջանը ռազմական հարձակում գործի Հայաստանի վրա, (նաև, բնականաբար, մենք հասկանում ենք Թուրքիայի աջակցությամբ, թուրք զինվորները կարող են ադրբեջանական համազգեստով լինել և մասնակցել այդ գործընթացին), Օ’Բրայենը պատասխանում է. «Մենք մեր վրա որևէ պատասխանատվություն, երաշխիք չենք վերցնում, մենք ընդամենը կարող ենք համոզել, միջնորդ լինել»:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը մեկնաբանելիս, թե Հայաստանն Ադրբեջանից դեռ պատասխան չի ստացել ավելի վաղ արված առաջարկին՝ մեկ ամսվա ընթացքում ամբողջացնել և ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ստեփան Դանիելյանը նշեց, որ Միրզոյանը Միացյալ Նահանգների դիրքերից է հանդես գալիս և շտապեցնում է, իսկ թե կա՞ Ադրբեջանի կողմից գործընթացը վիժեցնելու վտանգ, քաղաքագետն ընդգծեց. «Ադրբեջանը չի շտապում կնքել պայմանագիրը և իր վրա պատասխանատվություն վերցնել, այլ որ լինի Սյունիքի վրա հարձակմամբ»:

Եվրամիության ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հայտարարությունը, որով Ադրբեջանին կոչ է արվում ապահովել հայերի ԼՂ վերադառնալու իրավունքները, Դանիելյանը որակում է որպես Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու մեխանիզմ, որ իրենք զբաղվում են, և եթե դուք արագորեն այդ պայմանագիրը չկնքեք, ապա մենք ինչ-որ դիրքորոշում կվերցնենք, ճնշումներ կգործադրենք, կօգտագործենք հայերի վերադարձը: «Նույն հայտարարությունները Միացյալ Նահանգներից է լինում, դա ճնշում է Ադրբեջանի վրա, բայց դա չի նշանակում, որ իրենց հետաքրքրում է հայերի վերադարձը»,-ընդգծեց Դանիելյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից Ադրբեջանի նախագահի աշխատակազմին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմի աշխատանքների գործնականացման առաջարկին, քաղաքագետը նշեց, որ ադրբեջանական կողմը լուրջ չի վերաբերվում, և իրենց առաջարկների վրա թքած ունեն: «Դա թույլի դիրքորոշում է, որն ուղղված է դրսի խաղացողներին՝ ցույց տալու, որ ահա տեսեք, մենք զոհ ենք, իսկ Ադրբեջանը հարձակվում է, մենք առաջարկություններ ենք անում, իսկ Ադրբեջանը չի ընդունում. քաղաքականության մեջ դա լացակումած բողոքի նշանակություն ունի»,- եզրափակեց քաղաքագետը:

 

Ելենա Ավետիսյան

Նորություններ