«Եթե մինչ այս պահը ամեն ինչ զիջելով եկել են, ինչու ենք ենթադրում, թե վաղը դադարելու են զիջել». քաղաքագետ
Օրերս Հայաստանն Ադրբեջանից ստացավ խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մեկնաբանել է, թե ինչ ազդեցություն կարող է այն ունենալ հետագա բանակցությունների ընթացքի վրա:
«Ես չգիտեմ այդ փաստաթղթի մեջ ինչ է ներառել ադրբեջանական կողմը, բայց ենթադրում եմ, որ խստացնում են իրենց պահանջները և փորձում են ավելի բարենպաստ դիրք ստանալ այսպես կոչված բանակցային գործընթացում. փաստն այն է, որ իրենք անընդհատ նոր պահանջներ են ներկայացնում և այդ պահանջների սահմաններում ուզում են նոր առավելություններ ստանալ»,-հայտարարեց քաղաքագետը:
Իսկ թե մինչև ուր է գնալու այս գործընթացը`հաշվի առնելով այն փաստը, որ մինչ օրս զիջողի դերում միայն հայկական կողմն է, Մելիք-Շահնազարյանը նշեց. «Եթե այսպես շարունակվի, գնալու է սկզբից մինչև Իջևան քաղաք, հետո մինչև Դիլիջան, հետո Սևան, Դիլիջանից 2 ուղղությամբ է գնալու զիջումների պատրաստակամությունը` մեկ դեպի արևմուտք, որ տանելու է դեպի Վանաձոր, Գյումրի և այլն, մեկ դեպի հարավ, որ տանելու է դեպի Երևան: Այսինքն, եթե մինչ այս պահը ամեն ինչ զիջելով եկել են, ինչու ենք ենթադրում, թե վաղը կամ մյուս օրը դադարելու են զիջել»: Իսկ թե որն է ելքն այս պարագայում, քաղաքական վերլուծաբանն արձագանքեց. «Ելքը դավաճան իշխանությունների հեռացումն է և պետության վերականգնումը, որպեզի կարողանանք պաշտպանել մեր պետական շահերը, այլ ելք, ցավոք սրտի, չկա, թշնամին բարի չէ, ինքը չի բավարարվելու արդեն իսկ ստացածով»:
Ալիևի սանձարձակ հայտարարությունների ու գործողությունների հանդեպ գերտերություննեեերի, ուժային կենտրոնների նման ներողամտության ու հանդուրժողականության պատճառը, ըստ Մելիք-Շահնազարյանի, Հայաստանի`ամեն ինչին համաձայն և պատրաստ լինելու մեջ է:
«Չկա որևէ տրամաբանություն, որ Արևմուտքը կամ Ռուսաստանը կարող են ասել՝ այդ ճանապարհով մի գնացեք, այլ ճանապարհով գնացեք, չի լինելու դա, քանի դեռ հայկական կողմը ինքն է գնում զիջումների ճանապարհով: Ամեն ինչի պատճառը և աղբյուրը, հետևանքը և արդյունքը դա մեր իշխանությունների՝ թշնամու շահերից առաջնորդվելու քաղաքականությունն է, այլ պատճառ և խնդիր ես չեմ տեսնում»,-եզրափակեց քաղաքագետը:
Ելենա Ավետիսյան