19 հողամասերի ապօրինի օտարմամբ պետությանը շուրջ 6մլրդ. 200մլն. դրամի վնաս է պատճառվել. ՀՀ ՊՆ նախկին պաշտոնատար անձի մասով նախաքննությունն ավարտվել է | Region

19 հողամասերի ապօրինի օտարմամբ պետությանը շուրջ 6մլրդ. 200մլն. դրամի վնաս է պատճառվել. ՀՀ ՊՆ նախկին պաշտոնատար անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Հուլիս 13,2024 15:00

Ավարտվել է Երևան քաղաքի Իսակովի պողոտային և Եռաբլուրին կից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ ՀՀ ՊՆ նախկին պաշտոնատար անձի մասով։

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում կատարված քննությամբ, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ սերտ համագործակցությամբ կատարված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2005-2008թթ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը, առավել շահեկան պայմաններով առանց խոչընդոտների շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք օտարելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իշխանությունը և պաշտոնեական դիրքը, իր ղեկավարած ստորաբաժանման համապատասխան ծառայողներին կարգադրել է պաշտպանության նախարարի կողմից տրված լիազորագրերի հիման վրա նոտարական վավերացման ներկայացնել ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ կազմված, Նախարարությանը պատկանող Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Եռաբլուր» կոչվող բլուրներին, Ծովակալ Իսակովի պողոտային, ՀՀ ՊՆ ընդունելությունների տանը հարակից տարածքներում գտնվող տարբեր մակերեսներով, բնակավայրերի նպատակային նշանակության, հանգստի գոտու և քաղաքային այգու հիմնադրման, գիտարտադրական կայանի կառուցման համար օգտագործման նպատակային նշանակությամբ 17 հողատարածքները՝ ՀՀ ՊՆ մի շարք պաշտոնատար անձանց հանցակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարների հանձնարարությամբ, պետական մարմնում բարձր պաշտոն զբաղեցրած տարբեր անձանց հետ փոխկապակցված ՍՊԸ–ի, ՓԲԸ–ի, ՀՀ ՊՆ բարձրաստիճան զինվորականների, տարբեր ֆիզիկական անձանց օտարելու վերաբերյալ առուվաճառքի պայմանագրերի նախագիծը:

Հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառման և միմյանց փոխլրացնող գործողությունների արդյունքում, վերոգրյալ կարգադրությունների հիման վրա, 2005-2008թթ. վարչության ծառայողները առուվաճառքի պայմանագրերի նախագծերը, արդեն իսկ պաշտպանության նախարարների կողմից ստորագրված վիճակում, ներկայացրել են նոտարական վավերացման, նույն օրը կնքվել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր։ Դրանցով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ վերոնշյալ տարածքներում գտնվող հողամասերը շուկայական արժեքից մի քանի անգամ էժան գներով վաճառվել են վերոնշյալ  ՍՊԸ–ին, ՓԲԸ–ին, ՀՀ պաշտապանության նախարարության բարձրաստիճան զինվորականներին և տարբեր ֆիզիկական անձանց, ապա այդ անշարժ գույքերը որպես սեփականություն գրանցվել են վերջիններիս անվամբ։ Նրանցից ոմանք, կարճ ժամանակ անց, անշարժ գույքերը, ձեռք բերման գնից անհամեմատ թանկ գներով, օտարել են այլ անձանց։

Այդ կերպ պետությանը՝ ի դեմս ՀՀ ՊՆ-ի, պատճառվել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուրը ՝ 5.913.147.300 ՀՀ դրամի վնաս։

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը ի պաշտոնե տեղեկացված լինելով սեփականության իրավունքով ՀՀ-ին պատկանող, ՀՀ ՊՆ-ին անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված  Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի, Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 2 հողամասերը նախարարության պաշտոնատար անձանց կողմից, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, օտարելու մտադրության մասին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով ձեռք բերելու նպատակով դիմել է պաշտպանության նախարարին, ու ստացել նշված հողամասերն իրեն օտարելու վերաբերյալ վերջինիս համաձայնությունը:

Պաշտոնատար անձը, ապօրինի գործարքներում իր մասնակցությունը չբացահայտելու, անշարժ գույքերի իրական պատկանելիությունը, տնօրինման եղանակը, իրավունքները թաքցնելու և այդ կերպ հանցավոր գործունեության արդյունքում ստացված գույքերի ծագումը խեղաթյուրելու նպատակով, պաշտպանության նախարարի գիտությամբ, նրա հետ ձեռք բերած նախնական պայմանավորվածությամբ, որպես գնորդ է ներկայացրել իր ազգական Հ.Մ.–ին։

Հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրարկման արդյունքում՝ հիշյալ պաշտոնատար անձի կարգադրությամբ վերոգրյալ առուվաճառքի պայմանագրերը, արդեն իսկ պաշտպանության նախարարի կողմից ստորագրված վիճակում, ներկայացվել է նոտարական վավերացման, կնքվել է անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրեր, որնցով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, 217.160.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասն ընդամենը 51.176.000 ՀՀ դրամով, իսկ   մյուս՝ 304.260.000 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը, ընդամենը 79.800.000 ՀՀ դրամով ուղղակի վաճառքով փաստացի վաճառվել են նույն պաշտոնատար անձին՝ որպես սեփականություն՝ ձևական գրանցվելով վերջինիս ազգականի անվամբ։ Արդյունքում պետությանն անզգուշությամբ պատճառվել է  առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր ավելի քան 390մլն. ՀՀ դրամի վնաս:

Այնուհետև, գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու նպատակով, նույն պաշտոնատար անձի ցուցումով, նրա ազգականն իր անվամբ ձևականորեն՝ որպես սեփականություն հաշվառված վերոնշյալ անշարժ գույքերը, նվիրատվության պայմանագրերով, փոխանցել է պաշտոնատար անձի կնոջը, և անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը։

Այսինքն՝ իր հետ փոխկապակցված անձի և ընտանիքի անդամի անվամբ գործարքներ իրականացնելով և վերջիններիս անվամբ գույքը գրանցելով՝ նշվածն պաշտոնատար անձն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր 390մլն. ՀՀ  դրամ շուկայական արժեքներով վերոգրյալ գույքերը, այսինքն՝ կատարել է փողերի լվացում։

Նշված արարքները կատարելու համար նշված նախկին պաշտոնատար անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ 2 դրվագ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 19 դրվագ նույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին և   549-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին)։

Քրեական վարույթի՝ վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությունը հաստատելու, դատարան հանձնելու նպատակով ուղարկվել է վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար պաշտոնատար անձի գույքը արգելադրվել է։

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Նորություններ