Գյումրու հին բանտը` լքված և ավերված
Գյումրու «Սլաբոդկա» թաղամասում է գտնվում 19-րդ դարում կառուցված հայտնի բանտը։ Շինությունն ի սկզբանե ցարական Ռուսաստանի զինվորական կալանավայրն է եղել, բանտում մինչև 200 կալանավոր է պահվել:
Խորհրդային տարիներին ծառայել է որպես քաղաքային բանտ և քրեական պատիժների իրականացման վարչության քննչական մեկուսարան: 2007 թ.-ին կառույցը լուծարվել է, քրեակատարողական հիմնարկը տեղափոխվել է Արթիկ։
Բանտի տարածքում նաև ստորգետնյա անցումներ կան, թաղամասի հնաբնակները պատմում են, որ այդ հատվածներից շատ են կրակոցի ձայներ լսել, գետնախորշերում մահապատիժներ են իրականացվել:
Գյումրու համայնքապետարանից հայտնեցին, որ տարածքն ու շինությունը իրենց վերահսկողության տակ չի գտնվում, հետևաբար իրենք դրանց պահմանման ուղղությամբ քայլեր չեն իրականացնում:
Կառույցը գտնվում է «Կումայրի» արգելոցի տարածքում և հաշվառված է ՆԳՆ-ի բազայում:
Նկարահանումների ընթացքում դժվարությամբ կարողացանք հասնել կառույցի ներսի հատվածները, շենքի պատերը կիսափլուզված էին, սենյակները աղբանոցի են վերածվել, իսկ թե ինչքան ժամանակ անտեսված ու լքված կմնա շինությունը, հայտնի չէ։
Միքայել Սարգսյան