Հայաստանում կանցկացվի համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան. ԿԳՄՍՆ | Region

Հայաստանում կանցկացվի համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան. ԿԳՄՍՆ

Հուլիս 19,2024 16:15

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թ. պետական բյուջեի շրջանակում իրականացնում է համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Օլիմպիադայի նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին, ինչպես նաև հնարավորություն տալ ծանոթանալու տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:

Օլիմպիադան կանցկացվի Հայաստանում օգոստոսի 15-ից՝ 5 օր տևողությամբ՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից:

Բացի հիմնական մրցույթներից՝ կանցկացվեն նաև բազմաթիվ լրացուցիչ մրցույթներ, օրինակ` հայրենասիրական երգի, ասմունքի և այլն: Երիտասարդների համար կկազմակերպվեն ճանաչողական այցեր Հայաստանի տեսարժան վայրեր, հանդիպումներ տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ, ուսուցողական միջոցառումներ (պարի և երգի, ժողովրդական արվեստների ուսուցում և այլն):

Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադային կարող են մասնակցել սփյուռքի հայկական կրթօջախների 14-18 տարեկան սաները:

Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը (կցվում է) և մինչև 2024 թ. օգոստոսի 4-ն այն ուղարկել [email protected] և/կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին. էլհասցե՝ [email protected], հեռ.՝ +374 (10) 599-647:

Նորություններ