Չորացրած լավաշ, արդար յուղ, չեչիլ պանիր. Գյումրվա պանրխաշի վարպետաց դաս | Region

Չորացրած լավաշ, արդար յուղ, չեչիլ պանիր. Գյումրվա պանրխաշի վարպետաց դաս

Հուլիս 20,2024 22:29

Պանրխաշը հնագույն հայկական ուտեստ է: Այն ավելի շատ բնորոշ է Շիրակի դաշտավայրի բնակչությանը:

Գյումրիում դրա պատրաստումն այսօր արարողակարգի վերածվեց, ինչպես և առաջներում էր:

Աբովյան փողոցում տեղադրված տաղավարներում սննդի ծառայություն մատուցող օբյեկտները պանրխաշը պատրաստել են տեղում և հյուրասիրել զբոսաշրջիկներին ու տեղի բնակիչներին։

Լավաշը նախապես չորացրած, յուղն արդար, չեչիլ պանրին էլ գումարվում էր սոխառածն ու ամեն ինչ պատրաստ էր:

Որոշ վարպետներ Գյումրվա պանրխաշը ներկայացրեցին նորովի: Տեղ-տեղ խմբված գյումրեցիների կողմից համտեսներ ու քննարկումներ էին, ուտեստը համտեսում էին ու համեմատում:

Խոհարարները ներկայացնում էին իրենց ձեռքի գործն ու պատրաստման անհատական մեթոդների առավելությունները: Արարողակարգը տոնի էր վերածում ուղեկցող ազգային երգն ու պարը:

Միջոցառման ավարտին փառատոնին մասնակցած սննդի ծառայություն մատուցող բոլոր օբյեկտներին տրվել են հավաստագրեր, խորհրդանշական աստղով պարգևատրվել է նաև նախաձեռնության հեղինակ Անի Հակոբյանը:


Ելենա Ավետիսյան

Նորություններ