Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Սլավիկ Գալստյան. ինչպես՝ աշխատել ես, այդպես էլ կպարգևատրվես | Region

Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Սլավիկ Գալստյան. ինչպես՝ աշխատել ես, այդպես էլ կպարգևատրվես

Հուլիս 25,2024 10:41

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ԿԳՄՍՆ պաշտոնական կայք ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Սլավիկ Գալստյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

-Սլավի՛կ, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ինչպիսի՞ն է տրամադրվածությունը:

-Շատ լավ: Ամեն ինչ նորմալ է, շարունակում ենք նախապատրաստվել: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կընթանա:

-Ինչպիսի՞ն էր ՕԽ ուղեգիր նվաճելու ճանապարհը, և ինչպիսի՞ նախապատրաստություն եք անցել Փարիզ-2024-ից առաջ:

-Օլիմպիական խաղերի ուղեգիրը մի փոքր դժվարությամբ նվաճեցի աշխարհի առաջնության արդյունքներով: Լավ էր, որ հետագայում ավելի շատ ժամանակ ունեցա պատրաստվելու համար և վարկանիշային մյուս մրցաշարերին չմասնակցեցի: Կարծում եմ՝ լիարժեք նախապատրաստություն եմ անցել, որևէ կիսատ բան չկա: Վերջին հավաքը կանցկացնենք առաջիկա շաբաթվա ընթացքում, որի շրջանակում տեխնիկական և տակտիկական մարզումներ կանցկացնենք: Բոլոր ծանր մարզումներն ավարտվել ենք: Առաջիկա հավաքից հետո էլ կմեկնենք Փարիզ:

-Ինչպիսի՞ մրցակցություն եք ակնկալում Փարիզում:

-Բոլոր մրցակիցներիս ճանաչում եմ. օլիմպիական խաղերում պատահական մարզիկներ չեն լինում: Բոլորն ապացուցել են, որ արժանի են մասնակցելու խաղերին: Իմ հնարավորություններն ու ուժերը հավասար եմ գնահատում: Լավ տրամադրվելու դեպքում կարծում եմ՝ ամեն ինչ կստացվի:

-Ի՞նչ զգացողություններ ունեք Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից:

-Այն երազանք էր և կյանքի նպատակ: Իսկապես զգացողությունները տարբեր են: Ամեն դեպքում չեմ ցանկանում առանձնակի կարևորություն հաղորդել այս խաղերին, որպեսզի ավելորդ լարվածությունը չխանգարի բուն մրցումներին, ու կարողանամ լավագույնս կենտրոնանալ իմ ելույթների վրա՝ որպես հերթական մրցաշար: Օրինակ, Արթուր Ալեքսանյանն ասում է՝ Օլիմպիական խաղերն ավելի շատ լարվածության պայքար են. ով ավելի շատ է լարվում, նա «վառվում», չի հաջողում: Օլիմպիական խաղերը 4 տարին մեկ են անցկացվում, հետևաբար պատասխանատվությունը մեծ է: Կարծում եմ՝ ինչպես որ նախապատրաստվել ու աշխատել ես, այդպես էլ կպարգևատրվես:

-Երբվանի՞ց եք զբաղվում ըմբշամարտով:

-21 տարի է՝ այս մարզաձևում եմ: Եթե անկեղծ՝ առանց ըմբշամարտի ինձ այլևս չեմ պատկերացնում:

Նորություններ