«Հայաստանի օլիմպիական տան» դեմքը ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն Յուրի Ջորկաեֆն է
Փարիզի 2024 թ. ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին ընդառաջ Ֆրանսիայի մայրաքաղաքում այսօր պաշտոնապես բացվել է «Հայաստանի օլիմպիական տունը»: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը, Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, ՀԱՕԿ-ի, ՀԲԸՄ-ի և մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ:
«Հայաստանի օլիմպիական տան» դեմքը ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն Յուրի Ջորկաեֆն է: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հավաքականի մարզիկներին, որոնց շնորհիվ հնարավորություն ունենք ներկայացնելու մեր երկիրը 33-րդ Օլիմպիական խաղերին:
«Ակնկալիքը մեկն է՝ տեսնել ՀՀ դրոշը բարձրացված, տեսնել ուրախ և հաղթանակած ժպիտներ»,- ասել է Վահագն Խաչատուրյանն ու հաջողութուն մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկներին:
ՀՀ նախագահը նաև կարևորել է ՀՀ կառավարության կողմից ֆիզիկական կուլտուրային և սպորտին հատկացվող մեծ ուշադրությունը, այդ թվում՝ մասսայական սպորտի զարգացման ուղղությամբ, որի նպատակով տարվա ընթացքում 5 մարզաձևերից անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է «Հայաստանի օլիմպիական տան» բացման կապակցությամբ.
«Հուսով եմ՝ մինչև օգոստոսի 11-ը մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունենալու այստեղ պատվելու մեր մարզիկներին: Հուսով եմ՝ Օլիմպիական խաղերից հետո կխոստանանք առնվազն չորս նոր մարզադպրոց կառուցել ՀՀ-ում՝ մեր օլիմպիականների պատվին»:
Արայիկ Հարությունյանը նշել է՝ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը սպորտին և հայ մարզիկներին առավելագույնս սատարելու հանձնառություն է ստանձնել. տարեցտարի ավելանում են ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները, ՀՀ-ում անցկացվում են մարզական խոշոր առաջնություններ, ենթակառուցվածքների զարգացման նպատակով կառուցվում են նոր մարզադպրոցներ:
Արայիկ Հարությունյանն ընդգծել է՝ Հայաստանը 2027 թվականին հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը՝ պատրաստ լինելով ընդունելու շուրջ 6000 մարզիկների աշխարհի տարբեր ծայրերից: Այս առումով, ֆրանսիական փորձի ուսումնասիրությունը ևս կարևոր է:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկայացրել է «Հայաստանի օլիմպիական տուն» նախեռնության մանրամասները:
«Ֆրանսիան մեզ համար բարեկամ և հայաշատ երկիր է: «Հայաստանի օլիմպիական տան» նպատակը երկրպագու-մարզիկ կապերն ամրապնդելն է: Այստեղ կհանդիպեն մարդիկ, որոնք կուզենան հայանալ, ավելի շատ հայ դառնալ, հայություն շնչել: Մարզիկներն իրենց ելույթների հաջորդ օրը գալու են Հայաստանի օլիմպիական տուն, շփվելու են լրագրողների և երկրպագուների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ տեղում՝ մեծ էկրանին, երկրպագուները հնարավորություն են ունենալու հետևելու մարզիկների ելույթներին»,- ներկայացրել է նախարարի տեղակալը:
Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ նախաձեռնությունն իրականացվում է «Fastex», «ՅՈՒՆԻԲԱՆԿ» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների հետ համագործակցությամբ և շնորհակալություն հայտնել աջակցության համար:
«Պետությունն, իհարկե, շատ մեծ ուշադրություն է դարձնում սպորտին, հատկացնում է մեծ գումարներ, բայց սպորտը միայն պետության աջակցությամբ չի կարող զարգանալ. անհրաժեշտ են մարդիկ, որոնք կա՛մ կսիրեն սպորտը, կա՛մ՝ երկիրը: Սիրել սպորտն ու երկիրը՝ գրեթե հոմանիշներ են: Երկիրը ճանաչել տալու ամենակարճ և դյուրին ճանապարհը սպորտի միջոցով հաղանակներ կերտելն է: Հայաստանի տունը գործելու է Հայաստանի բարեգործական ընդհանուր միության շենքում, ինչը համար ևս շնորհակալ ենք ՀԲԸՄ մեր գործընկերներին»,- ասել է նախարարի տեղակալը:
«Հայաստանի օլիմպիական տունը» կգործի Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում՝ 118 Rue, Courcelles 75017, Paris հասցեում: Հայկական տունը կբացվի ամեն օր՝ ժամը 15:00-ից 23:00-ը: Այդ ժամերին այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ և ձեռք բերել ատրիբուտիկա՝ աջակցելու հայկական մարզիկներին մարզադաշտերում: