Էրդողանն ուզում է շեշտել, որ Թուրքիան այս տարածաշրջանի «լավ տղան» է. թուրքագետ | Region

Էրդողանն ուզում է շեշտել, որ Թուրքիան այս տարածաշրջանի «լավ տղան» է. թուրքագետ

Հուլիս 31,2024 21:01

«Որքան թուրքերի պահանջները կատարեն, այնքան դրանք ավելանալու են»: REGIONSTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

«Չի կարելի թելադրված որևէ պայման կատարել, քանի որ դրանք ավելանալու են. այս փուլը Ադրբեջանի համար առիթ է, որ կարող է մեր կոկորդից բռնել ու պահանջել ավելին»,-նշեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների 5-րդ հանդիպմանը, թուրքագետի խոսքով՝ մեծ ակնկալիք չկար հանդիպումից, քանի որ Անկարային այս փուլում Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ պետք չեն. «Հանդիպումների 2 տարվա դադարն արդեն իսկ ցույց է տալիս, որ այդքան էլ կարևոր չէին դրանք, օրակարգ էլ չկա, հերթական հանդիպումն էր, ուրիշ ոչինչ»:

Լոքմագյոզյանն անդրադարձավ նաև Էրդողանի այն խոստովանությանը, որ Արցախի գրավմանն ու հայաթափմանը մասնակցել է Թուրքիան, և դրան հետևեց Արդբեջանի ՊՆ-ի հերքումը, թե Էրդողանի հայտարարությունները հիմք չունեն, իսկ Թուրքիան միայն քաղաքական աջակցություն է ցույց տվել:

«Թուրքիան դրանով ուզում է նաև ցույց տալ իր կարողությունները, որ ինքն այս տարածաշրջանի «լավ տղան» է, և դա ուզում է շեշտել, սակայն դա Ադրբեջանին այնքան էլ դուր չի գալիս»,- ընդգծեց Տիրան Լոքմագյոզյանը:

Նորություններ