Մանրամասներ Ոսկեհասկ գյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի և տուժածների վիճակի մասին | Region

Մանրամասներ Ոսկեհասկ գյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի և տուժածների վիճակի մասին

Օգոստոս 01,2024 14:43

Օգոստոսի 1-ին՝ ժամը 06.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի տներից մեկում տեղի  ունեցած պայթյունի հետևանքով մահացած 12-ամյա աղջիկը՝ Լ.Խ.-ն, REGIONSTV-ի տեղեկություններով, ընտանիքի 3 երեխաներից ամենամեծն էր:

Պայթյունի հետևանքով մահացած երեխայի դին դուրս է բերվել փլատակների տակից, իսկ տան անդամներից 2-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի բժշկական կենտրոն»:

Կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ երեխայի մայրը՝ 31-ամյա Ն. Խ.-ն, ստացել է առաջին բուժօգնություն և բուժման հետագա ընթացքը կշարունակի ամբուլատոր պայմաններում: Տատիկը՝ 59-ամյա Փ. Խ.-ն, բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր աստիճանի այրվածքներով և վերջույթների վնասվածքներով: Վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածը գտնվում է վնասվածքաբանական բաժանմունքում:

Ընտանիքի մոր խոսքով՝ ինքը լսել է միայն պայթյունի ձայնը, մնացածը չի հիշում:

Պայթյունի հետևանքով փլուզվել է տան մեծ մասը, ինչպես նաև վնասվել է տան բակում կայանված ավտոմեքենան։

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով, երբ տան բնակիչը միացրել է գազօջախը սուրճ պատրաստելու նպատակով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նորություններ