«Դուք դեռ շատ եք ջահել». թեժ կռվի պահին հրամանատարն իր 2 զինվորին հետ է ուղարկել. այսօր Գեղամ Գեղամյանի մահվան տարելիցն է | Region

«Դուք դեռ շատ եք ջահել». թեժ կռվի պահին հրամանատարն իր 2 զինվորին հետ է ուղարկել. այսօր Գեղամ Գեղամյանի մահվան տարելիցն է

Սեպտեմբեր 13,2023 18:56

2022թ.-ի այս օրը Բաքուն ձեռնարկեց հերթական ոտնձգությունը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, թշնամու ստորաբաժանումները սկսեցին հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Սեպտեմբերյան երկօրյա մարտերի ընթացքում հայկական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, 224 զոհ ունեցավ:

Անմահացած հերոսների թվում էր գումարտակի հրամանատարի տեղակալ Գեղամ Գեղամյանը: Մայոր Գեղամյանը ծնվել է 1977 թ.-ի սեպտեմբերի 6-ին Ապարան քաղաքում: Ինչպես ԳԱԼԱ-ի հետ զրույցում ընդգծեց Գեղամի հայրը՝ Հովհաննես Գեղամյանը, նա միշտ աչքի է ընկել համարձակ բնավորությամբ ու հայրենասիրությամբ:

Գեղամ Գեղամյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին, այնուհետ իր ստորաբաժանման հետ տեղափոխվել է Ջերմուկի պաշտպանական դիրքեր և շարունակել ծառայությունը: Հենց այնտեղ էլ 2022-ի սեպտեմբերի 13-ին Գեղամը ցույց տվեց հայ սպային վայել հերոսական մաքառումի օրինակը: Նա ընկավ մարտի դաշտում՝ մեկ մետր անգամ չնահանջելով իր դիրքից:

Ինչպես պատմում է Գեղամի հորեղբայրը՝ Հայկ Գեղամյանը, կռվի թեժ պահին, զգալով թշնամու թվային գերազանցությունը, հրամանատարն իր 2 զինվորներին հետ է ուղարկել՝ նշելով. «Դուք դեռ շատ եք ջահել»:

Ապարանի թիվ 1 հիմնական դպրոցի դասարաններից մեկը, որտեղ սովորել է Գեղամ Գեղամյանը, անվանակոչվել է նրա անունով:

Նորություններ