Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետը քաղաքային այգում հյուրընկալել է ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին | Region

Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետը քաղաքային այգում հյուրընկալել է ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին

Օգոստոս 08,2024 21:01
Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետ Ժոֆղուա Բուլարը քաղաքային այգում այսօր հյուրընկալել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, Օլիմպիական խաղերի մեդալակիր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին: Այդ մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանի օլիմպիական պատվիրակության անդամներ, բազմաթիվ երկրպագուներ:
Ողջունելով մարզիկներին՝ Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետը շնորհավորել է նրանց Փարիզ-2024-ում ունեցած տպավորիչ մրցելույթների և նվաճած մեդալների առթիվ: Ժոֆղուա Բուլարն ընդգծել է՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները մշտապես առանձնացել են ջերմությամբ ու բարեկամությամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և սրտացավ վերաբերմունքի համար: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը խաղերի ողջ ընթացքում զգում է թե՛ Փարիզի իշխանությունների, թե՛ ֆրանսիացի ժողովրդի աջակցությունն ու բարեկամական վերաբերմունքը:
Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն ու բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը ևս շնորհակալություն են հայտնել հյուրընկալության և երկրպագության համար: Ներկաներին ողջունել է նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
Այնուհետև, հայ մարզիկները լուսանկարվել են Փարիզի 17-րդ շրջանի քաղաքային այգում հավաքված երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանել նրանց:
Նշենք՝ այսօր երեկոյան Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը կհյուրընկալվեն նաև Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը» և կհանդիպեն Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների ու երկրպագուների հետ:

Նորություններ