Հնարավորություն են տալիս իշխանությանը հերթական զիջումների համար դաշտ նախապատրաստել. դիվանագետ
Ինչո՞ւ Երևանն ու Բաքուն որոշեցին առկախել կոմունիկացիաների հարցը. արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի խոսքով՝ խնդիրը մի քանի ասպեկտ ունի. «Նախ կարծում եմ, որ նպատակ ունեն որոշակիորեն թուլացնել արևմտյան ճնշումը ադրբեջանական կողմի վրա, որպեսզի բանակցային գործընթացում ինչ-որ առաջընթաց գրանցվի, մյուս կողմից՝ ձևացնելով, որ հարցն այս պահին քննարկման առարկա և խաղաղության պայմանագրի մաս չէ, Բաքուն ցանկանում է շրջանցել ապաշրջափակման վերաբերյալ ստանձնած բոլոր պարտավորությունների մասով»,-հայտարարեց Աղաջանյանը:
Դիվանագետը չի բացառում նաև, որ այսպիսով փորձ է արվում թուլացնել հանրության լարվածությունն այս գերգզայուն թեմայի հետ կապված. «Սրանով հնարավորություն են տալիս մեր գործող իշխանությանը դաշտ նախապատրաստել հերթական զիջումների համար»:
Դիվանագետը վստահ է՝ Բաքվի պահանջների ցանկը չի սպառվելու, իրենք նպատակ էլ չունեն իրական խաղաղության պայմանագիր կնքելու:
«Այլ հարց է, որ արևմտյան ճնշման և սանկցիաների չենթարկվելու համար Ադրբեջանը մանևրում է, պատահական չէ, որ Ալիևը վերջերս հայտարարեց, որ կարող է շրջանակային փաստաթուղթ ստորագրվել որոշակի սկզբունքների շուրջ և դրանով իբրև թե քայլ առաջ արձանագրել դեպի խաղաղության այդ չարաբաստիկ գործընթացը, որն իր այս ձևով բացարձակապես հայկական շահից չի բխում»,-նշեց դիվանագետը: