«Գիդե՞ս՝ ընչի պդի հաղթես, օր մերդ սառած ձեռներով չկանգնի միրգ ծախե»․Գյումրիում ցուցադրվեց ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի մասին ֆիլմը
Ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի հաղթանակներով, նվաճած շողշողուն ոսկե մեդալներով շատերն են հիացել, հպարտացել, բայց երեւի հատուկենտ մարդիկ գիտեին, թե այս կինն ինչ փորձությունների է ենթարկվել, ինչպիսի դժվարություններ հաղթահարել չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։
Հիմա արդեն Նազիկի կյանքի, սպորտում անցած խոչընդոտներով լի ճանապարհի մասին շատերը կիմանան։ Երեկ Գյումրու մարզամշակութային կենտրոնում ցուցադրվեց «Մեդալի հակառակ կողմը» սպորտային դրաման։ Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի էր ունեցել Երևանում։
Ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դերակատար Աննա Մաքսիմը, RegionsTV.am-ի հարցին՝ արդյոք սա երկրորդ պրեմիերա է, պատասխանեց․ «Գյումրու պրեմիերան ինձ համար առաջին պրեմիերա է։ Չեմ ուզում տարանջատել հանդիսատեսին, բայց բոլորս էլ գիտենք, որ այն արտիստը, ով համակրանքի է արժանանում Գյումրիում, իսկապես լուրջ պատնեշ է հաղթահարում, և այսօր ինձ համար շատ պատասխանատու օր է»: Նա մեջբերեց Լորիս Ճգնավորյանի խոսքը՝ Շիրակը Հայատանի սիրտն է, և այն պետք է բաբախի։ Ապա հուզված հավելեց․«Վստահ եմ, որ Գյումրու սիրտը բաբախում է, Գյումրի ես քեզի սիրեմգը»։
«Երբեք այսչափ լարված չեմ եղել, այսօր շատ եմ հուզված, քանի որ իմ տանն եմ, երջանիկ եմ»,-ցուցադրությունից առաջ ասաց Նազիկը։
Ֆիլմ-վավերագրությունը չհանձնվող կնոջ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն-ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի կյանքի իրական պատմությունն է․ ավտովթարի հետևանքով ստանալով լուրջ վնասվածք, Նազիկը 7 տարի դուրս մնաց մեծ սպորտից, որոշ մարդիկ կարծում էին, թե նա թողել է ծանրամարտը, բժիշկն անգամ քայլելն էր հաղթանակ համարում։ Վերադառնալով մարզաշխարհ, Նազիկը հանդիպում է շրջապատի թերահավատությանը։ Սակայն Նազիկը համառն է՝սեփական ուժերի նկատմամբ հավատը, աննկուն կամքն ու հանապազօրյա տքնաջան մարզումները տալիս են սպասված արդյունքը, նա դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն` ապացուցելով, որ եթե կա պայքարի ոգի, անհնարինը դառնում է հնարավոր:
Ֆիլմը ցույց է տալիս ծանրորդուհու անկոտրում բնավորությունը, երբ անգամ ձեռքի վնասվածքով էր մարզվում։ «Ինքը ձեռ-ոտ չիդե»,-ֆիլմում ասում է Նազիկի մայրը՝ դստեր՝ վնասվածքով մարզումների մասին։ Մոր կերպարը մարմնավորել է դերասանուհի Անահիտ Քոչարյանը։
«Գիդես ընչի պդի հաղթես, օր մերդ սառած ձեռներով չկանգնի միրգ ծախե»,- Նազիկի մարզիչ՝ ընկեր Արտաշն այսպես էր մոտիվացնում Նազիկին։
Տաղանդավոր գյումրեցու մասին պատմող ֆիլմն, անշուշտ, պիտի լիներ գյումրվա բարբառով, բառուբանով, համեմված գյումրեցու հումորով։
ֆիլմում Նազիկի կարիերայում գլխավոր դերակատար ու լուրջ ներդրում ունեցած մարզիչի դերը մարմնավորում է Հայաստանի վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։
«Մարզիկն օր թաթը դրեց հարթակին, պդի լրիվ ուրիշ մարդ դառնա, վայրենի գազան պդի դառնա»,-ընկեր Արտաշի մասնագիտական խրատն է հնչում ֆիլմում։
Սպորտում «վայրենի գազան», կյանքում՝ սիրող, քնքուշ կին ու մայր։ Բայց, ինչպես ֆիլմում է բացահայտվում, այս սիրող ու քնքուշ կնոջն ամեն անգամ ընկեր Արտաշը սթափեցնում է․«Մեր սպորտում ամենադաժան բանը ըդիգ սերն է։ Սերը լավ բան է, սիրեք, ուղեղիդ 70 տոկոսը նվիրեսգը իրան, բայց էս սպորտաձևը պահանջեգը նվիրում։ Սեր, հեր, մեր, քուր, ախպեր չի ճանչնա»։
Այդպես էլ կար․ Նազիկի ու սիրելիի «Սիրեմգը, գժվիմգը, խելռիմգը, սայլուգնամգը» մեղրածոր այս խոսքերին հաջորդում են անհետաձգելի ու դաժան մարզումները։
Նազիկի սիրած տղային, ապա` ամուսնուն, որը նախկին ծանրորդ է, մարմնավորում է դերասան Սոս Ջանիբեկյանը։
Մարզաշխարհ վերադառնալու Նազիկի թախանձանքներին ամուսինը գյումրեցու սրամատությամբ է արձագանքում․«Էրթայինք օլիմպիադա, էլի հաղթեիր, օր սեին կնիգը մարդուն կրե՞ց»։
Հերոսուհուն ամենուր ուղեկցում է մեկ նպատակ`մասնակցել Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, նվաճել Եվրոպայի չեպիոնի տիտղոսը, սակայն մրցաշարից առաջ տեղեկանում է, որ ամուսինը կամավորագրվել է և մեկնել առաջնագիծ, քառօրյա պատերազմն էր սկսվել։ Անասելի մարմնական ցավեր հաղթահարած ու դժվարին ճանապարհ անցած հերոսուհին որոշում է թողնել մրցումները, միանալ ամուսնուն: Դարձյալ ընկեր Արտաշն է սթափեցնում, համոզելով`կռվողին ուժ կտա ոչ թե Նազիկի ներկայությունը, այլ՝ հաղթանակը:
Մեծ սպորտից 7 տարվա բացակայությունից հետո 2016 թվականին Նազիկ Ավդալյանը վերադարձավ ու ոսկե մեդալ նվաճեց Նորվեգիայի Ֆյորդ քաղաքում կայացած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։
Ելենա Ավետիսյան