Արմենուհի Սաղդասարյանի կտավներում միահյուսված են հոգևորը, հավերժությունը, կենաց ծառն ու լեգենդները
Գյումրիում անցկացվել է «Սաղարթ»-ի հիմնադիր, նկարչուհի Արմենուհի Սաղդասարյանի անհատական ցուցահանդեսը։ Նկարիչ Արարատ Սարգսյանի Սարգսյանի խոսքով՝ Արմենուհին չի բավարարվում միայն արտաքին գեղեցկությունը տառերին հանձնելով, նրա ստեղծագործությունների մեջ ամենաուշագրավն այն է, որ իր աբստրակտ ոճի մեջ նա կարողացել է տեսնել և փոխանցել մեր տառերի խորհրդանիշների իմաստը։
Արմենուհի Սաղդասարյանը սկսել է նկարել, երբ ընտանիքով Լիբանանից Հայաստան են եկել և որոշել են հաստատվել հայրենիքում։ «Թռչնագրերը միջնորդ են երկնքի ու երկրի միջև, որոնք կարծես հոգևորը մոտ են բերում մեզ, իսկ մեզ տանում են դեպի հոգևորը: Մենք ունենք նաև «ծաղկագրեր», որոնք խորհրդանշում են հավերժությունը, կենաց ծառը, կյանքի շարունակությունը»,-REGIONSTV-ի հետ զրույցում նշեց նկարչուհին։
Ցուցասրահը լեփ-լեցուն էր, տարբեր տարիքի այցելուները կանգ էին առնում նկարներից յուրաքանչյուրի առջև: Երիտասարդներն առիթը բաց չէին թողնում «անմահանալու» կտավների ֆոնին, որոնց վրա միահյուսված էին մեր հայոց տառերը՝ առասպելական թռչունների ու կենդանիների, գունավառ ծաղիկների ու վիշապների տեսքով: Մանրամասները՝ տեսանյութում:
Կարինե Մկրտչյան