Պեսկով․ Հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպությունը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի ինքնիշխանությանը
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանն, ասել է՝ Հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպությունը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի ինքնիշխանությանը։ Այս մասին հաղորդում է ռուսական «РИА Новости»-ն։
Փաշինյանն այսօր ասել է՝ «Մենք հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մեր անդամությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում ՀՀ նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլեւ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար եւ ՀՀ հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար»։
Պեսկովն արձագանքելով Փաշինյանին, հայտնել է․ «Հակառակը, ՀԱՊԿ-ն կանգնած է անդամ պետությունների ինքնիշխանության պաշտպանության դիրքերում։ Մենք այդ տեսակետը համբերատար կերպով կներկայացնենք հայկական ղեկավարությանը»։
Հիշեցնենք, ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները լարվել են 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք եւ մինչ օրս կան օկուպացված տարածքներ։ Ընդ որում, պաշտոնական Երեւանը ՀԱՊԿ-ից պահանջել է դատապարտել ադրբեջանական օկուպացիան, սակայն ՀԱՊԿ-ը դա չի արել։
Ապա Երևանը մերժել է ՀՀ սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, իսկ այս տարի, ինչպես Փաշինյանն է հայտարարել՝ ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունը դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն էլ այսօր հայտարարել է՝ ՀԱՊԿ-ը շարունակում է դիտարկել Հայաստանին որպես իրավահավասար գործընկեր եւ պատրաստ է երկխոսության հրատապ բոլոր հարցերի շուրջ։
Այս մասին տեղեկացնում է ռուսական Tacc-ը։ Տասմագամբետովն ասել է՝ չնայած Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ-ի հովանու ներքո վերջերս անցկացված զորավարժություններին, մենք պատրաստ ենք Երևանի մեր գործընկերների հետ երկխոսել։