Ս. Սարգսյանի՝ հանրաքվեից 2 օր առաջ տված խոստումը եւ Գյումրիում «կատարված աշխատանքը» | Region

Ս. Սարգսյանի՝ հանրաքվեից 2 օր առաջ տված խոստումը եւ Գյումրիում «կատարված աշխատանքը»

Հունվար 23,2016 11:38

«Գյումրին կբարեկարգվի եւ կլուսավորվի»: Սա խոստում էր՝ տրված գյումրեցիներին Սերժ Սարգսյանի կողմից՝ հանրաքվեից ընդամենը երկու օր առաջ: Դեկտեմբերի 4-ին էր. նա խորհրդակցության հրավիրեց իր մոտ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջնահերթ խնդիրներից է քաղաքի զարգացման ծրագիրը՝ հատկապես կարեւորելով փողոցաշինությունը:

Նա նաեւ հրապարակավ կորզեց Սամվել Բալասանյանի խոստումը, որ 23 մլն-ը, որն, ի դեպ, վարկային միջոց է, կօգտագործվի արդյունավետ Գյումրիի բարեկարգման համար, ապա հավելեց, որ հենց երկուշաբթի օրվանից արդեն հնարավոր կլինի սկսել գործընթացը:

Երկուշաբթի օրը հանրաքվեի հաջորդ օրն էր՝ դեկտեմբերի 7-ը, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակելու էր արդյունքները: Գյումրիի արդյունքներն իհարկե գոհացնող չէին իշխանությունների համար: Գյումրեցին իր վերաբերմունքն իշխանությունների, նրանց կողմից պարբերաբար տրվող եւ իրականություն չդարձող խոստումների վերաբերյալ արտահայտեց «ոչ»-ի եւ «այո»-ի մրցապայքարում: «Ոչ»-ն այստեղ գերակշռեց, ինչը հստակ ուղերձ էր խոստում տվողներին այն մասին, որ ժամանակն է հրապարակային խոստումները, որոնք շատ դեպքերում պարզապես քարոզարշավային տարր են հանդիսացել, գործնական տեսք ստանան:

Սերժ Սարգսյանը նույն հանդիպման շրջանակներում ընդգծեց, որ շատ կարճ ժամանակահատվածում պետք է ձեւավորել ծրագրերի իրականացման գրասենյակ եւ սկսել աշխատանքները:

Հավելենք, որ փողոցաշինության մասին Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ Շիրակի մարզպետի հետ, նրան եւս խորհրդակցության էր հրավիրել հանրաքվեից օրեր առաջ:

Ի՞նչ գործընթաց սկսվեց երկուշաբթի օրը, ո՞ւր են հասել ԾԻԳ-ի ձեւավորման աշխատանքները, որը պիտի կազմակերպվեր շատ կարճ ժամանակահատվածում, ոչինչ հայտնի չէ այս խորհրդակցությանը հաջորդող օրերին: Տեղեկատվությանը չի տիրապետում նաեւ Գյումրիի քաղաքապետարանը:

ԳԱԼԱ-ում ձեւավորված Համակարգող կենտրոնը հարցումներ է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ պարզելու համար՝ տրված խոստումներից հետո կոնկրետ ինչ աշխատանքներ են արվել:

Մասնավորապես փորձել ենք պարզել՝ խոստացված 23 մլն-ն ի՞նչ կազմակերպություն է տնօրինում, այդ գումարները հիմա ի՞նչ հաշվեկշռում են գտնվում, ի՞նչ փուլում են ԾԻԳ-ի ստեղծման աշխատանքները, կոնկրետ գործնական քայլերը Գյումրիում ե՞րբ կմեկնարկեն:

Ստացված պատասխանների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ