Մուխիկան իր իշխանությունն առանց աչքը թարթելու, համեստաբար հանձնեց Վասկեսին. Սերժ Սարգսյանը ևս աչքը չի թարթի… | Region

Մուխիկան իր իշխանությունն առանց աչքը թարթելու, համեստաբար հանձնեց Վասկեսին. Սերժ Սարգսյանը ևս աչքը չի թարթի…

Մարտ 02,2015 11:55

Լատինական Ամերիկայի ամենալիբերալ պետության ճարտարապետ, Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան պաշտոնը հանձնեց Տաբարե Վասկեսին:

Աշխարհի «ամենաաղքատ» նախագահը համարվող Մուխիկան հեռացավ գլուխը բարձր, պարզճակատ՝ իր տեղը զիջելով մասնագիտությամբ բժիշկ Տաբարե Վասկեսին: Մուխիկան այդպես էլ չսիրեց «աշխարհի ամենաաղքատ նախագահ» արտահայտությունը, քանի որ, ըստ նրա, աղքատ են հենց նրանք, ովքեր իրենց շրջապատում են անհավատալի շքեղությամբ, ինչի հետևում թաքնված է հոգեկան և բարոյական դատարկությունը:

2014թ.-ի հուլիսի 9-ին Սերժ Սարգսյանը բախտ  ունեցավ տեսնել Խոսե Մուխիկային՝ իր հայրենիքի նման փոքր երկրի, իր պաշտոնի նման մեծ պաշտոն զբաղեցնող, իր նման ոչ բարձրահասակ, ճերմակահեր ուրուգվայցուն: Ընդհանրություններն այսքանով թերևս սպառվում են, երբ աչքի ես անցկացնում ու վերլուծում նրանց անցած ուղին, նրանց ապրած կյանքը, ապրելակերպն ու կենցաղավարությունը:

— Մուխիկան թաքցնելու ոչինչ չունի: Դառնալով նախագահ՝ նա հրաժարվեց շքեղ պալատից, տեղավորվեց մայրաքաղաք Մոնտեվիդեոյի մոտակայքում գտնվող  ֆերմայում, ապրում է մեկ ննջասենյակ ունեցող համեստ տան մեջ: Սերժ Սարգսյանը նույնպես ապրում է, ու միայն այսքանը…

-Մուխիկան վարում է 1987թ.-ի արտադրության ավտոմեքենա: Նրա թիկնազորը բաղկացած է 2 ոստիկաններից, ովքեր ձանձրանում են դեպի ֆերմա տանող  ճամփեզրին: Սերժ Սարգսյանը նույնպես թիկնազոր ունի, ու միայն այսքանը…

— 78-ամյա նախագահն ազատ ժամանակն անցկացնում է փոքրիկ այգում: Բուժզննման համար հաճախում է գյուղական պոլիկլինիկա, սնունդը գնում է սովորական փոքրիկ խանութից:  Սերժ Սարգսյանը նույնպես ժամանակ է անցկացնում,  գնում բուժզննման, բայց հաստատ ոչ թե Ախուրյանի կամ, ասենք, Ուջանի պոլիկլինիկա, այլ Բադեն-Բադենի, ու միայն այսքանը…

-Մուխիկան իր քաղաքական կարիերան սկսել է Տուպամարոս կոչվող պարտիզանական մարքսիստական շարժման շարքերում: Նրա խմբի անդամները ռոբինհուդյան ոճով հարուստներից  ու  բանկերից գումար էին վերցնում ու բաժանում ընչազուրկներին: Սերժ Սարգսյանի ղեկավարած երկրում նույնպես կան հարուստներ, բանկեր և ընչազուրկներ, ու միայն այսքանը…

-Մուխիկայի կառավարման տարիներին Ուրուգվայը դարձավ առավել անվտանգ երկիր: Դա համընկավ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների հետ, ու միայն այսքանը…

-Երբ Սարգսյանը բախտ  ունեցավ տեսնել Մուխիկային, նրանք խոսեցին Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա ջերմ բարեկամական հարաբերությունների մասին: Իսկ օրվա ավարտին միասին ճաշեցին աշխարհի «ամենաաղքատ» և «ամենա…» նախագահները, բաժակ բարձրացրին իրենց ժողովուրդների բարօրության համար,  ու միայն այսքանը…

-Մուխիկան իր իշխանությունն առանց աչքը թարթելու, համեստաբար հանձնեց Վասկեսին, և այդ իշխանությանը ոչ մի բան չի սպառնա: Սերժ Սարգսյանը ևս աչքը չի թարթի, եթե իշխանությանն ինչ-որ բան սպառնա,  ու միայն այսքանը…

-Մուխիկային երբևէ չեն մոռանա, և ոչ միայն ուրուգվայցիները, ովքեր իրենց արդեն նախկին նախագահին հարգում ու սիրում են բացառիկ անկեղծության, համեստ ապրելակերպի, իր ժողովրդի աշխատանքն ու վաստակը  գնահատելու և խնայելու համար: Սերժ Սարգսյանին նույնպես չեն մոռանա, ու միայն այսքանը…

Ուրուգվայցի քաղաքական վետերան Տաբարե Վասկեսը  խոստացել է շարունակել այն բարեփոխումները, որոնք իրականացվել են վերջին 10 տարիներին, սակայն հիմնական այն բարեփոխումը, որն իրականացրել է նրա նախորդը՝ Խոսե Մուխիկան, իր ժողովրդի, մեր բարեկամ ուրուգվայցիների սրտերում ու հոգիներում, թերևս անհասանելի կլինի Վասկեսին, և ոչ միայն նրան:

Читайте также

Նորություններ