Չես կարող ստորագրել մի փաստաթուղթ, որը կզսպի Ադրբեջանի ախորժակը. ՀՀ ԱԺ պատգամավոր
Պաշտոնական Երևանը Բաքվին փոխանցում է միայն մեկ ուղերձ, որ պատրաստ է ցանկացած գնով ստորագրել մի փաստաթուղթ, որի անունը կդնեն խաղաղության պայմանագիր,- REGIONSTV-ի հետ զրույցում ասում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը պետք է այդ փաստաթուղթը երկրի ներսում օգտագործելու, նախըտրական փուլի մեջ մտնելու և իշխանություն պահպանելու համար.
«Եթե բանակցություններ են , որևէ մեկը կարո՞ղ է ասել՝ ինչ է զիջում Ադրբեջանը: Իրականությունն այն է, որ Ադրբեջանը որևէ բան չի զիջում, միայն ավելացնում է իր պահանջները: Երևանը պատրաստ է ամեն ինչ զիջել, միայն թե Ադրբեջանը ստորագրի որևէ փաստաթուղթ: Եթե Ադրբեջանից հիմա գա մեկ կետանոց փաստաթուղթ, իրենք պատրաստ են դա ստորագրել»,-ասում է Վարդանյանը:
Պատգաավորի խոսքով՝ Բաքուն այս փուլում ձգտում է ոչ թե խաղաղության փաստաթղթի ստորագրմանը, այլ փորձում է ոչնչացնել բոլոր իրավական հիմքերը, փակել բոլոր դռները, որոնք եթե ոչ հիմա, ապա գոնե տարիներ անց Հայաստանին կարող են հնարավորություն տալ վերականգնել արդարությունը.
«Ադրբեջանական պահանջները սկիզբ ունեն, վերջ չունեն, չես կարող ստորագրել մի փաստաթուղթ, որը կզսպի Ադրբեջանի ախորժակը, չես կարող փաստաթուղթ ստորագրելով կանխել ագրեսիան, պատերազմը կանխում է ուժերի բալանսը»,-նշում է Վարդանյանը: