Պուտին․ՌԴ-ՀՀ առևտրաշրջանառությունը այս տարվա 1-ին կիսամյակում աճել է 2,5 անգամ․եթե նման տեմպով շարժվենք, այն կարող է կազմել 14-16 միլիարդ դոլար | Region

Պուտին․ՌԴ-ՀՀ առևտրաշրջանառությունը այս տարվա 1-ին կիսամյակում աճել է 2,5 անգամ․եթե նման տեմպով շարժվենք, այն կարող է կազմել 14-16 միլիարդ դոլար

Հոկտեմբեր 08,2024 16:28

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին – Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ, բարեկամներ,

Շատ ուրախ ենք ձեզ ողջունել Մոսկվայում` ԱՊՀ երկրների առաջնորդների աշխատանքի շրջանակում, անցկացնել երկկողմ հանդիպում: Հենց նոր առանձնազրույցի շրջանակում մենք Նիկոլ Վլադիմիրիի հետ քննարկեցինք ընթացիկ հարցերը, բայց նման ընդլայնված կազմով կա հնարավորություն խոսելու բոլոր սկզբունքային հարցերի շուրջ, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն, և իհարկե՝ կարող ենք սկսել տնտեսական բնույթի հարցերից:

Առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են բավականին արդյունավետ, հաջող: Նախորդ տարի առևտրաշրջանառությունը հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում այն աճել է 2,5 անգամ` հասնելով 8,2 միլիարդ դոլարի: Եթե նման տեմպերով շարժվենք, ապա դա նշանակում է, որ այս տարվա առևտրաշրջանառությունը կարող է կազմել 14-16 միլիարդ դոլար: Դա ռեկորդային ցուցանիշ է:

Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ արտասահմանյան առաջատար ներդրողն է` շուրջ 4 մլրդ դոլար են կազմել ներդրումները: Եվ ինչ տեղի է ունենում միջկառավարական հանձնաժողովի և գործարար խորհրդի շրջանակում` տալիս է համապատասխան լավ արդյունք: Իհարկե, շատ կարևոր է հումանիտար համագործակցությունը, մենք այժմ մանրամասն այդ մասին կխոսենք, հարգելի Նիկոլ Վլադիմիրի, այստեղ մենք պետք է լրացնենք որոշ բաներ` կապված կրթական շրջանակի հետ: Այժմ մենք խոսքը կփոխանցենք մեր գործընկերներին և դա կքննարկենք մանրամասն: Եվս մեկ անգամ բարի գալուստ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի: Վերջին ամիսների ընթացքում մենք ունեցել ենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն, փոխվարչապետ Օվերչուկն է ժամանել Երևան, տեղի է ունեցել ոչ միայն միջկառավարական հանձնաժողովի նիստը, այլ նաև բավականին մանրամասն մենք խոսել ենք փաստացի մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ:

Հոկտեմբերի սկզբին Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի շրջանակում բավականին մանրամասն քննարկել ենք մեր համագործակցությանը վերաբերող հարցեր Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինի հետ: Եվ այսօր էլ, իհարկե, լավ հնարավորություն է ի մի բերել այդ քննարկումները և ուրախ եմ այդ հնարավորության համար: Շնորհակալություն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին – Շնորհակալություն Նիկոլ Վլադիմիրի, ես Ձեզ սպասում եմ Կազանում ` ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին – Հույս ունեմ այն օգտակար և հետաքրքիր կլինի, հնարավոր կլինի զրուցել բազմաթիվ գործընկերների հետ, որոնք նախատեսում են մասնակցել այդ աշխատանքին:

Նորություններ