Գյումրու ավագանու նիստը չկայացավ․ համայնքապետը, տեղակալները, «Բալասանյան դաշինք» ու ՀՀԿ ավագանու անդամները չէին ներկայացել
Գյումրու ավագանու այսօրվա նիստը չկայացավ․ քվորում չկար։ Նիստին չէին ներկայացել համայնքապետ Վարդգես Սամսոնյանը եւ ավագանու անդամների մեծ մասը։
Բացակա էին ոչ միայն ավագանու «Բալասանյան դաշինք» և ՀՀԿ խմբակցությունների անդամները, այլև՝ համայնքապետի տեղակալներ Սուրեն Ջանոյանն ու Լուսինե Սանոյանը:
Ըստ կարգի՝ նիստը հետաձգվեց կես ժամով, սակայն բացականերն այդպես էլ չներկայացան: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը ընթերցեց կարգն, ըստ որի եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, չներկայանալու մասին կազմվում արձանագրություն, որը ստորագրվում է ավագանու ներկա անդամների կողմից:
Թե ինչու ավագանու անդամները չէին ներկայացել նիստին, հայտնի չէ, որևէ պարզաբանում չտրվեց այս առնչությամբ։
Հիշեցնենք, որ գիշերը ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ նա ձերբակալվել է իր և իր մերձավոր ազգականին (մեր տեղեկություններով մերձավոր ազգականը հայրն է՝ Սամվել Բալասանյանը, խմբ․) առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում։
RegionsTV-ի տեղեկություններով՝ քրեական գործը վերաբերում է Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանի հարևանությամբ հողատարածքների ապօրինի օտարմանը։
Նկատենք, որ այսօրվա նիստի օրակարգ ընդգրկված էին 20 հարց, որոնցով նախատեսվում է սոցիալապես անապահով 103 անձանց դրամական օգնություն հատկացնել, Գյումրու «Ֆեստիվառ» փառատոնին աջակցման նպատակով դրամական միջոցներ հատկացնել, ինչպես նաև Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող, ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած հողամասերն օտարելու մասին հարցերն ու մի շարք այլ հարցեր:
Ելենա Ավետիսյան