Կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
Հայաստանի երգի պետական թատրոնն այսօր հայտարարություն է տարածել, որում ասվում է՝ մեծ ցավով հայտնում ենք, որ անկրկնելի երգչուհի Զառա Տոնիկյանը արդեն մեկ ամիս մեզ հետ չէ: Միշտ հիշում ենք, լսում ու գնահատում:
Զառա Տոնիկյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 5-ին՝ Երեւանում։ Երաժշտական գործունեությունը սկսել է 1970-ական թվականներին։ 1974 թ.-ին Չեխիայում առաջինն է Հայաստանը ներկայացրել էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում եւ հաղթել է։
Աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախմբում։ Հանդես է եկել «Գոլուբոյ օգոնյոկ»-ներում եւ ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ ներկայացրել խորհրդային էստրադան ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում նկարահանված ծրագրում՝ Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի եւ այլ կոմպոզիտորների երգերով։ 1992 թվականից բնակվում ու ստեղծագործում էր Բելգիայում։