Օնլայն համակարգում հանդիպող խարդախությունները և պաշտպանության մեխանիզմի բանաձևերը | Region

Օնլայն համակարգում հանդիպող խարդախությունները և պաշտպանության մեխանիզմի բանաձևերը

Հոկտեմբեր 12,2024 21:01

«Աշխարհը վաղուց անցել է վճարային օնլայն համակարգի, սակայն շատերը դեռ չեն տիրապետում տեխնոլոգիաներին: Սա գիտեն նաև հանցագործները, որոնք փորձում  են պղտոր ջրում ձուկ որսալ»: Այս մասին REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարեց տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ, կիբերանվտանգությամբ զբաղվող CyberHUB ընկերության համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը:

Ըստ փորձագետի՝Հայաստանում խնդիրների մի մասը տեխնիկական են. մարդը պատշաճ չի պահպանում իր հաշիվները, դրանք կոտրվում ու հայտնվում են հաքերների ձեռքում:

«Այսօր սկսել են տարածում գտնել օնլայն առևտրի հետ կապված խարդախությունները. հանցագործներն այստեղ շատ օպերատիվ են գործում. մարդը ապրանքի վաճառքի հայտարարությունը տեղադրում է օրինակ list.am-ում կամ ֆեյսբուքյան marketplace-ում: Խարդախություն անողը ներկայանում է  որպես հեռու տեղ բնակվող, և ապրանքատիրոջն ուղարկում է ապրանքի տեղափոխման կամ վճարային կեղծ հղում, որին պետք է ուշադիր լինել, հղումը որոնել google-ով և համեմատել այն հղման հետ, որն ուղարկված է, և դրանց մեջ տարբերություն պետք է չլինի»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ մյուս կարևոր քայլն այն է, որ, օրինակ, մարդը սեղմում է ծառայության այն հատվածը, որը պետք է  իրեն փող փոխանցելու դեպքում, և եթե բանկային քարտի տվյալ է պահանջվում, պետք է չտալ` իմանալով որ բանկային տվյալը պահանջվում է միայն այն դեպքում, երբ դու ես վճարում, այլ ոչ թե ստանում:

Պետության դերը, ըստ փորձագետի, պատշաճ իրազեկումն է ու օրենսդրության հստակեցումը, որ խնդիրը վերացվի սաղմնային մակարդակում: Անձնական տվյալների դեպքում խնդիրն ավելի բարդ է, և առավել խոցելի են երեխաները, որոնց հետ փորձագետը կարևոր է համարում խոսել դպրոցներում, նաև ծնողները պետք է հետևողական լինեն, որպեսզի երեխաները հաշիվները բաց չսարքեն և զգուշավոր լինեն անծանոթների հետ շփվելիս:

Այստեղ ևս Սամվել Մարիրոսյանը կարևորում է պետության գործոնը՝ մեջբերելով, որ կա «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենք, սակայն գործող պատիժներն են անհամաչափ, տուգանքերը՝ խիստ  ցածր:

 

Ելենա Ավետիսյան

Նորություններ