«Անօգուտ ուժ են»․ Իսրայելը մեղադրում է Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահներին ու կոչ անում հեռանալ | Region

«Անօգուտ ուժ են»․ Իսրայելը մեղադրում է Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահներին ու կոչ անում հեռանալ

Հոկտեմբեր 14,2024 13:01

Իսրայելը մեղադրում է Լիբանանում ՄԱԿ-ի խաղապահներին և կոչ անում նրանց հեռանալ այդտեղից։

Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենն այսօր X-ի իր միկրոբլոգում գրել է, որ  հարավային Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի UNIFIL (United Nations Interim Force In Lebanon) խաղաղապահներն անօգուտ ուժ են, նրանք չեն կարողացել պաշտպանել Իսրայելի քաղաքացիներին «Հեզբոլա»-ի հարձակումներից։

Reuters-ի  փոխանցմամբ՝ նախարարը կոչ է արել խաղաղապահներին հեռանալ, քանի որ մարտերն ուժգնանում են:

«Իսրայելի պետությունը ամեն ինչ կանի իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, և եթե ՄԱԿ-ը չի կարող օգնել, ապա գոնե չպետք է խանգարի և իր անձնակազմը տեղափոխի մարտական գոտիներից»,- ասել է նախարարը։

Լրատվամիջոցը գրում է՝ Իսրայելի և Միավորված ազգերի կազմակերպության միջև փոխադարձ մեղադրանքներ են հնչում հարավային Լիբանանում գտնվող խաղաղապահների վերաբերյալ, քանի որ Իսրայելն իր ուժերն առաջ է մղում այդ  տարածքով՝ վճռականորեն վերացնելու համար Իրանի աջակցությունը վայելող  «Հեզբոլա»-ն և նրա ռազմական ենթակառուցվածքները։

ՄԱԿ-ը հայտարարել է, որ կիրակի օրը իսրայելական տանկերը ներխուժել են իր բազա, ինչը խաղաղապահ ուժերի դեմ Իսրայելի թույլ տված խախտումների վերաբերյալ վերջին մեղադրանքներից է, երբ Հեզբոլան մահաբեր «անօդաչու թռչող սարքերի երամ» է արձակել իսրայելական զինվորական ճամբարի վրա:

Անցած գիշեր Իսրայելում չորս զինվոր է զոհվել, յոթը` ծանր վիրավորվել «Հեզբոլա»-ի անօդաչուների հարվածներից։ 

Անօդաչուները հարվածել են Թել Ավիվից 60 կմ հարավ՝ Բինյամինա քաղաքի մերձակայքում գտնվող ռազմակայանին:  Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վիրավորվել են նաև քաղաքի տասնյակ բնակիչներ։

Նորություններ