Մեր իշխանության անկարողությունը Բաքվին մեծ հնարավորություն է տալիս, նրանք էլ օգտվում են. իրավապաշտպան
«Խաղաղության մասին Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումները տարբեր են»,-REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
«Հայաստանը, իրոք, խաղաղություն է ուզում. իշխանությունն իր հնարավորությունների սահմաններում, իսկ դրանք շատ սուղ են, լծվել է այդ գործին, որովհետև դա միակ հնարավորությունն է, որ իրենք կարող են շունչ քաշել և շարունակել իշխանավարել Հայաստանում, իսկ Ադրբեջանն ուզում է անընդհատ նորանոր պահանջներ առաջ քաշելով՝ Հայաստանին անկյունում սեղմած պահել և պարտադրել պայմաններ, որոնք իրականացնելիս Հայաստանն իր ինքնիշխանությունից մաս է կորցնելու», -նշեց Հարությունյանը:
«Երբ ժամանակը գա, ադրբեջանցիները, օգտվելով իրենց հնարավորությունից ու Մոսկվայի աջակցությունից, ինչ-ինչ քարտեզներ են բերելու և փորձելու են ապացուցել, որ այդ տարածքները ոչ թե Հայաստանինն են, այլ իրենցն են: Դատելով այս ընթացքից, Հայաստանի իշխանությունը հակադրվելու կարողություն չունի, պատերազմից հետո չկարողացան ձեռք բերել լուրջ աջակիցներ, որոնց օգնությամբ կկարողանան այս կամ այն խնդիրը լուծել, ըստ էության, Հայաստանը մնացել է միայնակ»,-ավելացրեց իրավապաշտպանը:
Ադրբեջանը, ըստ Հարությունյանի, գիտի, որ ամեն օրը կարող է նոր հնարավորություն բերել իր համար՝ էլ ավելի խորանալու հայկական տարածքներում կամ ավելի բարենպաստ դիրքեր ձեռք բերելու: «Մեր իշխանության անկարողությունը Բաքվին շատ մեծ հնարավորություն է տալիս և նրանք օգտվում են այդ հնարավորությունից: Պարտությունը տրորել է Հայաստանի իշխանությանը»,-ընդգծեց Վարդան Հարությունյանը: