Գեղարքունիքի մարզպետ․«Վստահ եմ, որ մեր սուվերեն տարածքներից հակառակորդը դուրս է գալու» | Region

Գեղարքունիքի մարզպետ․«Վստահ եմ, որ մեր սուվերեն տարածքներից հակառակորդը դուրս է գալու»

Հոկտեմբեր 17,2024 14:30

Հայաստանի հանրապետության տարածքից որևէ մաս որևէ այլ պետությանը չի հանձնվում ու չի հանձնվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետո զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Լրագրողի հարցին՝ Գեղարքունիքի տարածքում, այն մասում, որտեղ ադրբեջանական ուժերն առաջխաղացում են ունեցել, հնարավո՞ր է հետ գնան սահմանազատման արդյունքում, մարզպետը պատասխանեց․«Միանշանակ։ Վստահ եմ, որ ՀՀ սուվերեն տարածքը լինելու է ՀՀ սուվերեն տարածքը։ Վստահ եմ, որ մեր սուվերեն տարածքներից հակառակորդը դուրս է գալու»։

Մարզպետն անդրադարձավ նաև մամուլի վերջին հրապարակումներին, որտեղ նշվում է՝ ««Հետհեղափոխական Հայաստանում նոր «լիսկաներ» են հայտնվում: ․․․քաղաքացի Գուրգեն Հակոբյանի՝ ինքը «Կվարց Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենն է, եւ իր ղեկավարած ՍՊԸ-ն «Լուսակունք» ՍՊԸ-ից մետաղական խողովակներ է գնել: Մետաղական խողովակները գտնվում են Վարդենիսի վարչական շրջանի Այրք համայնքի տարածքում: Հետագայում ցանկացել եմ խողովակները տեղափոխել այլ վայր ու դիմել եմ համայնքապետին նաեւ մարզպետին, բայց թույլ չեն տալիս խողովակները տեղափոխեմ»

․․․Գեղարքունիքի մարզպետը ասում է, որ Գեղարքունիքի մարզի «թագավորն» ու «Նիկոլն» ինքն է, ոնց ուզում է՝ պիտի այդպես լինի, ոչ ոք չի կարող իր ասածը չանել»:

«Իրենց գնահատականները թող իրենց պահեն»,-ասաց մարզպետը։

Նա վստահեցրեց՝ այդ խողովակաշարը ոռոգման համակարգ է, որի տակ է մոտ 1000  հեկտար ոռոգվող տարածք․«Իրենք ներկայացրել են, որ ունեն փաստաթղթեր այդ ջրագծերի հետ կապված եւ դա  իրենց սեփականությունն է։ Իրենք ձեռք են բերել վկայականն ավելի ուշ, քան սկսել են այդ գորընթացն իրականացնել, դրա համար քրեական գործ է հարուցվել։ Այս պահին  քննություն է իրականացվում։ Իրենց ներկայացրած վկայականները սերվիտուտի վկայականներ են, ոչ թե՝ ջրագծի։ Դրանով իրենք իրավունք չունեն խողովակաշարը քանդելու։ Ինչ վերաբերում է իրենց հնչեցրած անուններին, նմանություններ են գտնում, ցավում եմ իրենց համար, որ էդպիսի գնահատականներ են տալիս»։

Անդրադառնալով Սոթքի հանքին, Սարգսյանն ասաց՝ հանքը շահագործող կազմակերպության հետ մարզպետարանը մի քանի անգամ հանդիպել է, դրանց արդյունքում որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի։ Այս պահին այնտեղ ավելացնում են աշխատատեղեր։

Նորություններ