Մոսկվան, Անկարան ու Թեհրանը ՀՀ-ին ու Ադրբեջանին առաջարկում են օգտագործել «3+3» հարթակը «Խաղաղության պայմանագրի» շուրջ աշխատանքներն ավարտելու համար․Լավրով
Մոսկվան, Անկարան եւ Թեհրանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում են օգտագործել «3+3» հարթակը «Խաղաղության պայմանագրի» շուրջ աշխատանքներն ավարտելու համար: Այս մասին Ստամբուլում Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպման արդյունքներն ամփոփելով հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ աշխատանքի շրջանակներում հիմքեր են ստեղծվել ինչպես երկրների ղեկավարների, այնպես էլ արտգործնախարարների և այլոց մակարդակով։
Լավրովը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված կան հարցեր․ «Այս պահին հանդիպումներ չեն նախատեսվում, մեր հայ գործընկերները դադար են վերցրել։ Նրանք կարծում են, որ նախ պետք է իրենք անմիջական շփվեն թուրքերի հետ, որպեսզի հասկանան, թե ինչ է անհրաժեշտ անել»։
Լավրովի խոսքով՝ ինձ թվում է, որ դա ամեն դեպքում կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ․«Ուստի մենք առաջարկել ենք այդ հարցերը դիտարկել որպես մեկ ամբողջություն և խրախուսել ներգրավված երկրներին, որպեսզի նրանք հնարավորինս շուտ համաձայնության գան, իսկ մենք, տվյալ դեպքում Ռուսաստանն ու Իրանը, պատրաստ ենք աջակցել՝ եթե անմիջական մասնակիցները հետաքրքրված լինեն»։
Ստամբուլում այսօր անցկացվում է «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը, որին մասնակցում են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները: Վրաստանը այս ձևաչափով հանդիպումներին հրաժարվում է մասնակցել՝ մատնանշելով Ռուսաստանի հետ հակասությունները: