Սևանա լիճ և սահմանամերձ շրջաններ. հնարավո՞ր է թույլ կողմերը դարձնել մրցակցային առավելություն
«Առանձնահատկությունը, որով Գեղարքունիքը տարբերվում է ՀՀ մյուս մարզերից, Սևանա լճի առկայությունն է, որը նշվում է որպես մարզի մրցակցային առավելություն, բայց իրականում հիմա ինքը ավելի շատ խնդիր է, քան առավելություն, որովհետև լուրջ բնապահպանական խնդիրներ կան լճի հետ կապված, և այդ խնդիրներն առնչվում են նաև ափամերձ համայնքներին»:
Այս մասին REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարեց «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ հիմնադիր Սաթիկ Բադեյանը:
Ըստ նրա՝ մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ Գեղարքունիքը սահմանամերձ մարզ է, և սահմանին մոտ գտնվող բնակավայրերում անվտանգությունն առաջնահերթ խնդիր է:
Սաթիկ Բադեյանի խոսքով՝ ճիշտ կառավարման դեպքում տարածաշրջանի թույլ կողմերը կարելի է դարձնել մրցակցային առավելություն, օրինակ, սահմանամերձ այս տարածքներում էկո-տուրիզմի գոտիներ ստեղծելու մեծ հնարավորություններ կան, բայց այդ ամեն ինչը անելու համար նախ և առաջ պետք է անվտանգության հարցը կարգավորել: