ՀՀԿ-ի «տրորած» ճանապարհը տանում է դեպի նոր հեղափոխություն | Region

ՀՀԿ-ի «տրորած» ճանապարհը տանում է դեպի նոր հեղափոխություն

Հունվար 17,2019 12:30

Ժողովրդի հեղափոխությունից հետո ջախջախված ՀՀԿ-ն քաղաքականությունից հեռանալուց առաջ հրապարակեց իր «բացթողումների փաթեթը»:

Ի թիվս այլ սխալների, ըստ ՀՀԿ-ականների, իրենց իշխանության կործանմանը հասցրել են.

*Անհանդուրժողականությունն առողջ քննադատության նկատմամբ

*ներկուսակցական ժողովրդավարության մեխանիզմների նահանջը

Ներքին ժողովրդավարությունը և կապը հանրության հետ

Լրագրող և գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի համար ժողովրդավարությունն անօտարելի արժեք էր: Նրա պայքարը տարբեր հարթակներում, ընդհատակում ու անազատության մեջ ընդհանուր հաշվով երկրում ժողովրդավարական արժեքների հաստատման համար էր:

Նրա՝ ինստիտուցիոնալ ընդդիմության տեսլականը ևս նույն գաղափարն էր շոշափում: Ժողովրդավարություն ընդդիմության մեջ. անհրաժեշտ է ոչ թե մեկ լիդեր, որին գլխատելուց շարժումը կգլխատվի, այլ ինստիտուցիոնալ ընդդիմադիր մարմին, որ եթե անգամ գլխատեն, կգլխավորի հաջորդը, հետո մեկ ուրիշը…

Հեղափոխության ժամանակ, երբ մեկուսացրին Փաշինյանին, «Քաղաքացիական պայմանագիրն» այս մեթոդն ինչ-որ եղանակով կիրառեց:

Իշխանության գալուց հետո ՔՊ գործիչները դարձյալ պարբերաբար հայտարարում են ներքին ժողովրդավարության կարևորության մասին, պատմում, որ կուսակցական ժողովներն անցնում են շատ բուռն, քննարկումներ, վիճաբանություններ: Երևանի ընտրություններից հետո նույնիսկ հայտարարում էին, որ «Իմ քայլը» դաշինքն իր ներքին ժողովրդավարությամբ ի զորու է իրականացնել նաև ընդդիմության գործառույթները: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա բոլորովին էլ այդպես չէ:

Իսկ յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին քննությանը՝ ԱԺ նախագահի ընդդիմադիր թեկնածուի ընտրության ժամանակ, կարելի է ասել, ՔՊ-ն պարտվեց իր դավանած ժողովրդավարությանը:

Ինչո՞ւ ազատ ընտրությունը ստորադասվեց խմբակցության իմպերատիվ որոշմանը: Խորհրդարանի աշխատանքը սկսելուց առաջ սոցցանցերում մի ծաղրանկար հրապարակվեց. վերևում գրված էր՝ յոթերորդ գումարման խորհրդարան, իսկ պատգամավորական բոլոր աթոռներին նստած անձը Նիկոլ Փաշինյանն էր: Սա թերևս լավագույնն է բնորոշում մեր խորհրդարանը:

Ի՞նչն էր ստիպում ժողովրդավարության համար պայքարի առաջամարտիկ Նիկոլ Փաշինյանին փոխել խաղի կանոններն իշխանություն դառնալուց հետո: Եթե իշխանության կորստի վտանգն է դա, ապա իշխանությունն իր ձեռքում պահելու, մեկ կետից այն կառավարելու փորձերը շատ վտանգավոր են: Սա ճանապարհ է, որը տանում է սերժացման, քոչարյանացման, ինչը, անխոս, շատ լավ գիտակցում է նաև Փաշինյանը:

Նոր իշխանության պարագայում պատճառները պետք է փնտրել ընդդիմությունից դեպի իշխանություն տրանսֆորմացիայի մեջ: Այն, ինչ հաճո և ընդունված էր ընդդիմադիր գործիչ Փաշինյանի համար, նույնը չի կարելի ասել վարչապետ Փաշինյանի պարագայում: Այդպես է նաև քննադատության նկատմամբ հանդուրժողականության տեսանկյունից:

«Սիրել» քննադատությունը, այն օգնում է պահել կապը հասարակության հետ

Նախկին իշխանությունների դաժան քննադատ Նիկոլ Փաշինյանին լրջորեն բարկացնում է քննադատությունը: Իհարկե անհարկի քննադատությունը, երբ հատկապես միտումնավոր փորձ է արվում, ինչպես Փաշինյանն էր ասում, «իշխանական վարչապետի ընտանիքից ստանալ նորմալ, ստանդարտ, թալանչի, գյոռմամիշ կերպար», ամենևին էլ ընդունելի չէ, բայց տարօրինակն ու նորությունն այստեղ ոչ թե այն է, որ մամուլը գրում է իշխանական քեֆերի մասին, այլ վարչապետի արձագանքը: Մի՞թե պարտադիր է այդ ամենին պատասխանել, երբ երկրում իսկապես լրջագույն խնդիրներ կան:

Ժամանակին, երբ քննադատում էին Ս. Սարգսյանի իշխանական բուրգը, ՀՀԿ կուսակցության ղեկավարը հայտարարում էր, որ արտագաղթի մեղավորը մամուլն է, լրագրողները, քննադատները, որ «պարբերաբար զբաղված են մրոտելով ու նպաստում են գաղջ մթնոլորտի ձևավորմանը»: Փոխանակ հետամուտ լինելու այդ քննադատություններին և ձեռնամուխ լինելու երկրում առկա խնդիրների լուծմանը՝ Սարգսյանը, մերժելով քննադատությունը, իրականում կտրեց կապը «արտաքին աշխարհի հետ» և ներփակված լինելով ներպալատական ինտրիգների հորձանուտում՝ միայն ամենավերջում ստիպված եղավ հասկանալ՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալ»:

Կապն իշխանության հետ պահելու համար պարտադիր չեն լայվերը, ոչ թե վարչապետի ասածի պես՝ ինքը ստիպված է «էշով գնալ գործի»: Բայց իշխանություն և հասարակություն կապը պահելը, ներպալատական ինտրիգներում չնիրհելը պարտադիր պայման է:

Իշխանությունը վտանգավոր հիվանդություն է: Երբ «վարակվում» ես այդ հիվանդությամբ, մոռանում ես, որ ինչ-որ մի ժամանակ քննադատել ես, որ, ասենք, ծառայողական մեքենաները մեծաթիվ են և պետք է կրճատվեն, արդեն հասկանում ես, որ ԱԺ կաբինետները վերանորոգման կարիք ունեն, կահույքը պետք է փոխվի, և հարց ես տալիս ակամա՝ «Էդ որ ասում եք թոշակները պետք է բարձրանան, հարցրե՞լ եք՝ ինչպես»:

Ուստի «իշխանության հիվանդությունը» գոնե թեթև տանելու համար պետք է չկտրել կապը հասարակությունից:

Եվ ընդհանրապես պետք է սերտել ՀՀԿ-ի «կտակած սխալները» հենց այսօր, որպեսզի վաղը պետությունը չհայտնվի տեղապտույտի փակ շրջափուլում, որպեսզի մի օր էլ Ս. Սարգսյանի նկարների պես ստիպված չլինեն ազատվել Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով ժամացույցներից, և ՔՊ-ն էլ ստիպված չլինի գրել իր «սխալների փաթեթը»:

Քրիստինա Մկրտչյան

Նորություններ