Վրաստանում ընտրությունը պաշտոնական արդյունքները դեռ չհայտարարած՝ Հունգարիայի վարչապետը շնորհավորել է իշխող ուժին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ չարձանագրված՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է իշխող «Վրացական երազանք» ուժին։
«Շնորհավորում եմ վարչապետ Իրակլի Կոբախիձեին և «Վրացական երազանքին» խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առնչությամբ։ Վրաստանի ժողովուրդն գիտի, թե որն է լավագույնն իր երկրի համար և այսօր նրա ձայնը լսվել է»,-X-ի իր էջում գրել է Հունգարիայի վարչապետը, որը ըստ վրացական լրատվամիջոցների, հանդիսանում է «Վրացական երազանք»-ի միակ դաշնակիցը Եվրամիությունում։
Վրացական աղբյուրների ներկայացմամբ՝ «Վրացական երազանք»-ը «Իմեդի» էքզիտ փոլի արդյունքներով 56,1% քվե է ստացել, իսկ «Ֆորմուլա»-ի և «Մթավար». էքզիտ փոլերի արդյունքներով իշխող ուժը չի ստանա բավարար ձաներ խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար։
Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրությունները անհարթ չեն անցել, «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիայի գլխավոր գրասենյակի մոտ դեմքները քողարկած տասնյակ քաղաքացիներ էին մոտեցել և ֆիզիկական ու վերբալ բռնություն սկսել, ծեծկռտուք է տեղի ունեցել այդ քաղաքացիների և «Միասնություն-Ազգային շարժման» ներկայացուցիչների միջև։ «Ազգային շարժում»-ը այս միջադեպի համար մեղադրում է իշխող ուժին։
Մառնեուլի քաղաքի սակրեբուլոյի «Վրացական երազանք» կուսակցության անդամը 69-րդ ընտրատարածքում գտնվող քվեատուփի մեջ բռնի ուժով մի քանի քվեաթերթիկ է լցրել։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաթումիի ընտրատեղամասերի մոտ արձանագրվել են ուղղորդողներ «Վրացական երազանք»-ից, որոնք ինչ որ ցուցակով էին ու անընդհատ զանգեր էին անում։