Հարությունյանը Գյումրիում հետընտրական կեղծիքներ անելու մեղադրանքների մասին․«Շատ ավելի հեշտ է նախընտրական փուլերում դա իրականացնել, քան հետընտրական»
Խորհրդարանում այսօր լրագրողները ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի մանդատներից հրաժարավելու գործընթացից։ Լրագրողների՝ հարցին՝ ինչո՞ւ է ՔՊ-ն Գյումրիում ճնշումներ գործադրում և փորձում խլել իշխանությունը:
«Ի՞նչ ճնշումների մասին է խոսքը»,-զարմացավ Հարությունյանը։
Լրագրողը ներկայացրեց իրավիճակը, ասաց՝ նախ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի հետ կապված քրեական գործ եղավ՝ Սև բերդի հետ կապված, դրանից հետո «Բալասանյան» դաշինքի անդամներն, այդ թվում՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը մանդատներից հրաժարվեցին, այսպիսով՝ ՔՊ-ն փորձում է ճնշումներով վերցնել Գյումրիում իշխանությունը։ Ի պատասխան Հարությունյանն ասաց՝ դրանք սխալ մեկնաբանություններ են, նման բան չկա:
Ճշտող հարցին՝ արդյոք այս գործընթացները չեն ենթադրում, որ իշխանությունն ուզում է բոլոր տեղերում իր մարդկանց ունենալ, Հարությունյանը պատասխանեց․«Ոչ։ Եթե իշխանությունը նման մտադրություն ունենար, վերջին 3 տարիներին ՏԻՄ ընտրությունների ժամանակ շատ ավելի այլ միջոցներ կձեռնարկեր, որը չի ձեռնարկել»:
Լրագրողները հիշեցրին Վանաձորի և Ալավերդու դեպքերը, սակայն Հարությունյանը չարձագանքեց։
Դիտարկմանը՝ ձեզ մեղադրում են հետընտրական կեղծիքների մեջ, Հարությունյանը պատասխանեց․« Շատ ավելի հեշտ է նախընտրական փուլերում դա իրականացնել, քան հետընտրական: Եթե մի իշխանության գործիքակազմը ճնշումներն են, ընտրությունների կեղծումը, դա կիրականացվի և դա ձեր աչքի առաջ կլինի։ այդպիսի գործելաոճը մեզ բնորոշ չէ, և այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, բացառապես դատաիրավական համակարգի տիրույթում են կամ քաղաքական տիրույթում են»։
Քրեական գործերով ճնշում եք, որպեսզի քաղաքական նպատակներին հասնեք, լրագրողի այս դիտարկմանն էլ Հարությունյանը պատասխանեց՝ մենք այդպիսի գործելաոճ չունենք։