Խարդավանքները սովորաբար հյուսվում են թեյի սեղանի շուրջ կամ «մրգային հուշարձանախմբերով» զարդարված պարտեզներում | Region

Խարդավանքները սովորաբար հյուսվում են թեյի սեղանի շուրջ կամ «մրգային հուշարձանախմբերով» զարդարված պարտեզներում

Սեպտեմբեր 29,2018 14:08

Նիկոլ Փաշինյանը երկարաձիգ միջմայրցամաքային ուղևորությունից հետո վերադարձավ Հայաստան և շտապեց ֆեյսբուքյան իր live-ով տեղեկացնել հանրությանը, թե ինչ կա երկրների ղեկավարների հանդիպատեղերի բաց դռների մոտ, միջանցքներում ու փակ դռների հետևում: Փաշինյանը տպավորված էր հատկապես ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով հանդիպումների անբռնազբոս, «կրքոտ» քննարկումներից և բանավեճերից, որոնց ընթացքում, ըստ նրա, կարելի է կարևոր հարցեր բարձրացնել, հարցեր առաջ քաշել և փաստարկներով փորձել դրանք լուծել:

Վարչապետը չնշեց, սակայն, թե ինքը Հայաստանի քաղաքացիներին մտահոգող ինչ հարցեր է առաջ քաշել, և դրանցից որոնք են լուծվել կամ գոնե շանսեր ունեն լուծվելու: Իսկ մտահոգող հարցերը քիչ չեն՝ արցախյան հիմնախնդրի դետալներ, սահմանային իրավիճակ, զենքի վաճառք, ներքին գործերին միջամտություն, ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում առկա կնճռոտ խնդիրներ և այլն:

Փաշինյանը վստահաբար նշեց նաև, որ պետական շահերը պաշտպանելու լիարժեք հնարավորություն ունենք այդ կառույցներում և այդ հնարավորությունն օգտագործում ենք:

Տաջիկստանում Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ փաստաթղթերի ստորագրման արարողության ավարտին մի քանի խոսք փոխանակեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այդ զրույցների բովանդակությունը Հայաստանում այնքան շատ չքննարկվեց, որքան ճաշկերույթի սեղանի շուրջ Նիկոլ Փաշինյանի դիրքը, կեցվածքն ու հեռավորությունը «հենման կետից»: Պարզ է, որ, ինչպես նշել էր ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, ՀՀ վարչապետի դիմաց պետք է նստեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և քանի որ վերջինս ներկա չէր ընթրիքին, այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Փաշինյանը նստած է մեկուսացած: Մեկնաբանություններում ոմանց համար Փաշինյանը սեղանի ծայրին նստած «մերժված» էր, մյուսների համար՝ սեղանի գլխին նստած «շնորհյալ»:

Ակնհայտ է, որ ՀՀ վարչապետը դեռ փորձում է հարմարվել «քաղաքական երկարակյացների» շրջապատին, որտեղ, անշուշտ, նրան բարեհաճությամբ չեն ընդունում: Փաշինյանն այդ փաստը ծանր տանելու առիթ չպետք է ունենա, քանի որ բոլորն էլ գիտակցում են, որ տվյալ շրջապատում ոչ մեկն իր լեգիտիմության պաշարով ու վարկանիշով չի կարող համեմատվել ՀՀ վարչապետի հետ: Վերջինս, սակայն, որոշակի բարդույթներ հաղթահարելու կարիք ունի՝ մեծապետական կեցվածքին ու վարքագծին ինչ-որ հաստ կամ կոշտ բան հակադրելու համար, օրինակ, Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան չայցելելու հետ կապված որոշմանը:

Չմոռանանք, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն այցի ժամկետների անորոշության պես անորոշ պատասխան տվեց հենց այն նույն օրը, երբ Պուտինն արդեն Ադրբեջանում էր և Բաքվում մեկ անգամ ևս հանրայնացրեց Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարեկամական բնույթը, ինչը, ըստ ՌԴ նախագահի, ամրագրված է փոխադարձ հարգանքի սկզբունքով:

Պուտինը Բաքվում ընդգծեց, որ իրենք միշտ փնտրում են հետաքրքրությունների բալանսը և սովորաբար գտնում են այն: Անշուշտ ՌԴ նախագահին հետաքրքրում էր հատկապես Կասպյան տարածաշրջանում նոր նախագծերին մասնակցություն ունենալու հեռանկարը՝ հատկապես նավթի և գազի արդյունահանման ծրագրերում:

Իլհամ Ալիևը Պուտինի հետ նաև թեյախմության նստեց իր հոր՝ Հեյդարի խոժոռ հայացքի ներքո: Զրույցի մանրամասները չեն հրապարակվում, սակայն ենթադրելի է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայի որոշ մանրամասներ հենց այդ հայացքի ներքո է քննարկվել: Նույնաբովանդակ զրույցներ արվել և արվում են մյուսների՝ Լուկաշենկոյի, Նազարբաևի, Ռահմոնի և այլոց հետ, ովքեր փակ և բաց դռների հետևում չեն ասում այն, ինչ ասում են առանձնազրույցների ընթացքում. ասում և անում են՝ սկսած սպառազինության շահավետ առևտրից մինչև միջազգային հարթակներում փոխադարձ շահերի պաշտպանություն:

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը որքան էլ տպավորված լինի ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով հանդիպումների «անկեղծ ու կրքոտ» քննարկումներից, չպետք է կորցնի իրականության զգացումը, քանի որ «եվրասիական ծերակույտի» գաղափարական ընդհանրության մասին պատկերացումները, մեղմ ասած, խախուտ են ու սնամեջ, կա միայն «ռեալ պոլիտիկ»՝ սեփական շահերի և հաշվարկների շրջանակում:

Միջպետական հարցերում, այն էլ այդպիսի խառնիճաղանջ խմբակում, խնդիրներն ու խութերը վերացնելը շատ բարդ է: Նիկոլ Փաշինյանի թիմին չես նախանձի, քանի որ այդ խմբակում ժողովրդավարական երկրներին բնորոշ շատ օրինաչափություններ ուղղակի չեն գործում, բնականաբար, չեն կարող դեր խաղալ նաև ներհայաստանյան իրականությունում աշխատող մեթոդները, գործողություններն ու շփման ձևերը:

Մեծապետական և արևելյան դիվանագիտական խարդավանքներին դիմագրավելը մեզ համար միշտ կենաց-մահու խնդիր է եղել, իսկ դրանք հավերժ են և անսպառ ու սովորաբար հյուսվում են թեյի սեղանի շուրջ կամ «մրգային հուշարձանախմբերով» զարդարված պարտեզներում՝ քողարկված անհոգ զբոսնող այրերի ժպիտների ներքո:

Էդուարդ Մխիթարյան

Նորություններ