Գյումրու համայնքապետարանի 8 աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել․նրանցից ոմանք Սամվել Բալասանյանի հետ էին եկել քաղաքապետարան
Հոկտեմբերի 28-ին, «Բալասանյան» դաշինքի մանդատները վայր դնելու օրը, Գյումրու համայնքապետարանի 8 աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանին: Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը REGIONS TV-ին հայտնեց, որ նոյեմբերի 1-ից աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, համայնքի ղեկավարի խորհրդականներ Լենա Ջիլավյանն ու Մենուա Մկրտչյանը, համայնքի ղեկավարի օգնականներ Արամ Շաբոյանն ու Ռոբերտ Եգորյանը, Ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետ Լյովա Սիմոնյանը, «Գյումրու բնակարանների սպասարկում» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը: Նոյեմբերի 1-ից աշխատանքից ազատվում է նաև համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը:
Քաղաքապետի տեղակալներ Լուսինե Սանոյանն ու տնային կալանքում գտնվող Սուրեն Ջանոյանը ավագանու մանդատները վայր էին դրել հոկտմեբերի 28-ին, «Բալասանյան» դաշինքի մյուս 12 անդամների հետ միասին:
Աշխատանքից ազատման դիմում ներկայացնողները քաղաքապետարանում հիմնականում հայեցողական պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներն են, ովքեր «Բալասանյան» դաշինքի թիմից են: Ոմանք Գյումրու քաղաքապետարանում սկսել են աշխատել 2012 թվականից, երբ Սամվել Բալասանյանն ընտրվեց քաղաքապետ: Լենա Ջիլավյանը 2012 թվականից սկսած, երկար տարիներ զբաղեցրել է Գյումրու քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի պաշտոնը, այնուհետ եղել համայնքի ղեկավարի խորհրդական: Հայկ Սուլթանյանը նույնպես Սամվել Բալասանյանի թիմից է. 2012 թվականից, երկար տարիներ զբաղեցրել է քաղաքապետարանի կրթության բաժնի պետի, այնուհետ միայն համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդականի պաշտոնը:
Կարինե Կազարովա