«Գնացել է Ամերիկա, լեզուն երկարել է»․Կարեն Սարուխանյանն արձագանքում է Շիրակի նախկին փոխմարզպետի՝ իր մասին հնչեցրած մեղադրանքներին | Region

«Գնացել է Ամերիկա, լեզուն երկարել է»․Կարեն Սարուխանյանն արձագանքում է Շիրակի նախկին փոխմարզպետի՝ իր մասին հնչեցրած մեղադրանքներին

Հոկտեմբեր 31,2024 16:51

«Ես չեմ մեկնաբանում Մելիքջանյանի ասած անհեթեթությունները»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ  ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ պատասխանելով Շիրակի նախկին մարզպետի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքների մասին հարցին։

Շիրակի նախկին մարզպետ Արա Մելքջանյանը  գրել էր՝ Ո՞վ է «ՔՊ» Գյումրու քաղաքապետի հնարավոր թեկնածու Կարեն Սարուխանյանը։ Կարեն Սարուխանյանն աջ ղեկով ՕPEL ֆիրմայի մեքենայով սկսեց պաշտոնավարել ու լիքը պարտքեր ու վարկեր, բայց ընթացքում հասցրեց գնել BMW X5 մակնիշի ավտոմեքենա, փակել պարտքերը, տունը վերանորոգել ու տարածք գնել իր տան հարևանությամբ։ Կարենն իր օգնական Էմմա Պալյանի հետ լծվել էին մարզի, բայց սկզբում Գյումրի քաղաքի դպրոցների խորհուրդների կազմի փոփոխման գործին։ Մեծամասամբ բոլոր խորհուրդների նախագահ էր նշանակվում Էմմա Պալյանը, որից հետո խորհուրդների կառավարման լծակն արդեն վերցնելով իրենց ձեռքը՝ սկսում էին ահաբեկելով կամ գումարով, նշանակումներ կատարել․․․»։

Բացի այս, Մելքջանյանը նաև հայտարարել է, որ 2018թ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Սարուխանյանը գյուղապետերին սպառնում էր, որպեսզի իրեն քվե տան։

Այսօր լրագրողների հետ զրույցում Սարուխանյանն ասաց․« Ես Մերսեդես եմ վարում, բայց ոչ պարբերաբար, տարբեր մեքենաներ եմ վարում։ Իմ մեքենաները չեն։ Իմ հայտարարագրում ներկայացրել եմ, թե ինձ ինչ է պատկանում»։

Սարուխանյանը չպատասխանեց նախկին փոխմարզպետի մյուս՝ դպրոցների և հիվնադանոցների մասին մեղադրանքներին, ըստ որի, ինչպես Մելիքջանյանն էր գրել՝ «ահաբեկում էր, փողով նշանակումներ անում․․․»։

«Կրկնեմ՝ իր ասած անհեթեթությունները չեմ մեկնաբանում»,-ասաց պատգամավորը։

Հարցին՝ եթե անհեթեթություն է, արդյոք պատրաստվում է որևէ գործողություն անել, քանի որ, ըստ էության, արատավորում են իր համբավը, Սարուխանյանը պատասխանեց․«Այդ մարդը հիմա այստեղ չէ, գնացել է Ամերիկա, լեզուն երկարել է»։

Նա նաև հերքեց, թե իր տան հարևանությամբ հողամասը գնել է հենց սկսել է պաշտոնավարել․«Ես որևէ մեկից ինչ որ բան չեմ խլում, դա մշտապես մերն է եղել»։

Լրագրողների դիտարկմանը՝ լուրեր կան, որ Գյումրի «Սև բերդն» ուզում են Բալասանյաններից խլել ու դարձնել ՔՊ-ի բիզնեսը, պատգամավորը կրկին հերքեց։

Նորություններ