Մեր քայլերի հաջորդականությունը չի խոսում այն մասին, թե Գյումրիում ՔՊ-ն իշխանություն է զավթում․Կարեն Սարուխանյան | Region

Մեր քայլերի հաջորդականությունը չի խոսում այն մասին, թե Գյումրիում ՔՊ-ն իշխանություն է զավթում․Կարեն Սարուխանյան

Հոկտեմբեր 31,2024 16:26

Խորհրդարանում այսօր լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանին հարցեր ուղղեցին Գյումրիում «Բալասանյան» դաշինքի անդամների  մանդատները վայր դնելու մասին։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է ՔՊ-ն որոշել Գյումրիում իշխանափոխություն անել, քրեական գործ հարուցել ու պարտադրել դաշինքին մանդատները վայր դնել, ինչին ի պատասխան Սարուխանյանն ասաց՝ ՔՊ-ն նման բան չի որոշել․«Բալասանյան դաշինքը» Գյումրիում մանդատները վայր է դրել, քաղաքապետը հրաժարական է տվել: ՔՊ-ի որոշելու հարցը չէր դա: ՔՊ-ն դրանից հետո արդեն իր դիրքորոշումը հայտնում է»:

Պատգամավորն ասաց՝ եթե խոսքը ձերբակալությունների մասին է, դա իրավական գործընթաց է:

Հարցին՝ թե ինչո՞ւ են հիմա հիշել քրգործին առնչվող դեպքերը, պատգամավորը պատասխանեց՝ այս պահին չենք հիշել․« Եթե ավելի խոր ուսումնասիրեք, կիմանաք որ այդ քրեական գործն եղել է վաղուց, իսկ այն որ «Բալասանյան դաշինքը» մանդատները դրել է, դրանից հետոյի պրոցեսը և քաղաքապետի հրաժարականն արդեն քաղաքական պրոցես է»:

Լրագրողների դիտարկմանը՝ երբ մի քանի տարի առաջ հարուցված գործը ակտիվանում է, սկսվում են ձերբակալություններ, իսկ դրանից կարճ ժամանակ անց Գյումրիում իշխող խմբակցությունը հայտարարում է հրաժարականի մասին, ուրեմն այստեղ ինչ-որ բան այն չէ, այդ զուգադիպությունները հենց այնպես չէին կարող լինել, հատկապես, որ արդեն հայտարարվում է, որ ՔՊ-ից քաղաքապետի թեկնածուն ինքն է՝ Կարեն Սարուխանյանը, վերջինս պատասխանեց․«Իրավական պրոցեսի մասով կարող եք հետաքրքրվել Քննչական կոմիտեից, իրենք, համենայնդեպս, կունենան իրենց մեկնաբանությունը։ Իսկ իմ մասով ես չեմ հայտարարել այդպիսի բան, որ ես եմ թեկնածուն, ես հայտարարել եմ՝ ՔՊ-ն ունի դիրքորոշում, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ կուսակցությունն ունի տարածքային կազմակերպություններ, դրանց նախագահները դիտարկվում են որպես տվյալ համայնքում ընտրություններում ցուցակն առաջնորդող անձնավորություններ: Այո, Գյումրիում ես եմ կազմակերպության ղեկավարը։ Մենք այդ մասին հայտարարել ենք նաեւ այն կոնտեքստում, որ պատրաստվում ենք արտահերթ ընտրությունների։ Քանի որ ստեղծված իրավիճակում մենք ունենք հարցի հետագա երկու ընթացք՝ մեկը ավագանու անդամներից  նոր քաղաքապետ ընտրելը, մյուսը՝ արտահերթ ընտրությունները, մենք ընտրություն ենք կատարել, որ գնալու ենք արտահերթ ընտրությունների»:

Թե երբ կլինեն ընտրությունները, նա չասաց։ Դիտարկմանը, որ օրենքն արգելում է  օգոստոսին անել, Սարուխանյանը պատասխանեց՝ ՔՊ-ն հայտարարություն կանի։

Պատգամավորը նշեց՝ Գյումրիում աննախադեպ իրավիճակ է, չի եղել, որ քաղաքապետն ու տեղակալները միաժամանակ հրաժարական են ներկայացրել․«Օրենքում բացեր կան։ Իրավաբանները քննարկումներ կան, ընթացակարգերով կգնանք»։

Հարցին՝ ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու դաշինքը հրաժարական տվեց, եթե անգամ ընդունենք, որ ՔՊ-ն ճնշում չի գործադրում, պատգամավորը պատասխանեց՝ իրենց տվեք այդ հարցերը․«Ես ենթադրում եմ, որ դաշինքի մեր գործընկերները որոշել են դուրս գալ քաղաքականությունից»։

ՔՊ-ի՝ Գյումրիում իշխանության զավթման մասին կարծիքներին ի պատասխան էլ Սարուխանյանն ասաց՝  մեր քայլերի հաջորդականությունը այդ մասին չի խոսում․« Եթե քարոզարշավ եղավ, մարդկանց կներկայացնենք, որ իրականում նման բան չկա: Չպետք է և չարժե իրավական պրոցեսը քաղաքական պրոցեսի հետ խառնել: Բացարձակ մեկը մյուսի հետ կապված պրոցեսներ չեն»:

Հարցին՝ ՔՊ-ում բոլո՞րն են ուզում, որ ինքը լինի քաղաքապետի թեկնածուն, Կարեն Սարուխանյանը դրական պատասխան տվեց:

Նշենք, որ «Բալասանյան» դաշինքի 14 անդամները, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը մանդատներից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն ներկայացրել են,  կուսակցության ընտրական ցուցակում գտնվող և ավագանու մանդատ չստացածներն էլ ինքնաբացարկ էին ներկայացրել։  Այսօր  Գյումրու համայքնապետարանի մի քանի աշխատակիցներ էլ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։

Նորություններ