Վահան Կոստանյանը՝ արտգործնախարարության վարորդի՝ «վիզաների բիզնեսի» մասին․«Հաղորդում եմ ներկայացրել դատախազություն, նա իմ վարորդը չէր» | Region

Վահան Կոստանյանը՝ արտգործնախարարության վարորդի՝ «վիզաների բիզնեսի» մասին․«Հաղորդում եմ ներկայացրել դատախազություն, նա իմ վարորդը չէր»

Նոյեմբեր 07,2024 14:43

ԱԳՆ վարորդը, որը Վահան Կոստանյանին է սպասարկել, ԱՄՆ վիզա ստանալու համար քաղաքացիներից գումար է ստացել

Արտաքին գործեր նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նախարարության վարորդի ապօրինի գործողություններին՝ «վիզաների հնարավոր բիզնեսին»։

Փոխնախարարը վստահեցրեց, որ երբ տեղեկություններ է ստացել նախարարության աշխատակցի գործողությունների մասին, ինքն է հաղորդում ներկայացրել դատախազություն։

«Ժողովուրդ» օրաթերթը  գրել է, որ ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը, ըստ քաղաքացիների վկայության, սպասարկել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար մարդկանցից գումար է վերցրել: Օրաթերթին դիմած քաղաքացիները պատմել են, որ ԱՄՆ մեկնելու համար դիմել են «Ավա թրեվլ» տուրիստական ընկերությանը՝ Նունե Սոֆյանին, որն էլ ասել է, որ  ընտանիքների անդամներից ոմանք ՀՀ արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի կանցնեն, որից հետո կդիմեն դեսպանատուն եւ վիզա կստանան, բայց ամեն անձի համար պետք է վճարել 7000 ԱՄՆ դոլար: Այս գործարքում ներգրավված է եղել ԱԳՆ վարորդը՝ Երջանիկ Ումրշատյանը, որին քաղաքացիները պետք է փոխանցեին  7000 դոլար ԱԳՆ-ի դիմաց։  Ըստ լրատվամիջոցի՝ խնդրի առնչությամբ Կոստանյանը պատասխանել է, թե Երջանիկ Ումրշատյանն աշխատանքից ազատվել է մինչեւ իր փոխնախարար դառնալը, մինչդեռ ԱԳՆ-ից, «Ժողովուրդ» օրաթերթի մեկ այլ հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են, որ Ումրշատյանը 2022 թվականի մարտի 1-ից աշխատանքի է անցել ԱԳՆ-ում, իսկ Կոստանյանի պատասխանում գրված է, որ Ումրշատյանը իր փոխնախարար նշանակվելու ժամանակ (2023 թվականի հունվարից) արդեն ազատված է եղել ԱԳՆ-ում վարորդի աշխատանքից եւ նրա վարորդը չի եղել:

Այս առնչությամբ Կոստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը հաղորդումը ներկայացրել է սեպտեմբերի 14-ին, վարորդն աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 28-ին․«Սսեպտեմբերի 14-ից հետո նա այլևս ինձ չի սպասարկել»։

Ինչպե՞ս է կարողացել նախարարության վարորդը «վիզաների բիզնես» անել, այս հարցին ի պատասխան Կոստանյանն ասաց՝  վարույթ է նախաձեռնված, և ինքը հույս ունի, որ շուտով թե՛ ինքն անձամբ, թե՛ հանրությունը կիմանա, թե ինչպես է դա եղել։

Կոստանյանը նաև տեղյակ չէ՝ արդյոք աշխատակիցը հիմա երկրում է, թե փախուստի է դիմել։

Նորություններ