Փաշինյանը Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին․«Գուցե փորձ է արվել իշխանությանը շանտաժի ենթարկել՝ առավելություններ ունենալու կամ պահպանելու ուղղությամբ»
Գյումրիի ավագանու «Բալասանյան» դաշինքի մանդատները վայր դնելու մասին Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դա քաղաքական անպատասխանատվության շատ կոնկրետ դրսեւորում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Գյումրիում ստեղծված իրավիճակին, նշելով՝ այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, դա կոնկրետ քաղաքական անպատասխանատվության շատ կոնկրետ դրսեւորում է։
«Այսօր Գյումրիում, ըստ էության, չկա որևէ ղեկավար, պաշտոնյան, նույնիսկ պաշտոնակատար»,-ասաց Փաշինյանը։
Գյումրիում արդեն մի քանի շաբաթ է՝ «Բալասանյան» դաշինքը մանդատները վայր է դրել ու քաղաքի կառավարման ճգնաժամ է առաջացել։ Դաշինքը մանդատներից հրաժարվեց այն բանից հետո, երբ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նրա որդու նկատմամբ քրեական գործն ակտիվացավ։
«Արդար ու ազատ ընտրությունների արդյունքում էդ մարդիկ մանդատ են ստացել, հայտ են ներկայացրել Գյումրին կառավարելու։ Հիմա իրենց քայլով Գյումրիում ստեղծել են ճգնաժամ, մի հատ էլ կողքից շահարկումներ են գնում, թե իշխանությունն է ինչ-որ բան արել, իշխանությունն է ճնշել, ստիպել։ Իշխանությունը ոչ ճնշել է, ոչ ստիպել։ Այդ մարդիկ որոշել են ուղղակի վատություն անել Գյումրիին, գյումրեցիներին, Հայաստանի հանրապետությանը։ Հեռանալ էլ կարելի է այնպես, որ օրինակ աղբահանության պրոբլեմ չառաջանա»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նրանք, ովքեր կասեն, որ իշխանությունը ճնշել է, որ իրենք հեռանան, դա կատարյալ սուտ է, նման բան չի եղել․«Գուցե հակառակը՝ փորձ է արվել իշխանությանը շանտաժի ենթարկել ինչ-ինչ առավելություններ կամ արտոնություններ ունենալու կամ պահպանելու ուղղությամբ, այդ շանտաժն ի սկզբանե չէր կարող անցնել»։
Իշխանական պատգամավորը հարց էր ուղղել՝ Գյումրիի համայնքապետարանի մոտ 2000 աշխատակից աշխատավարձ չի ստացել, արդյոք կենտրոնական իշխանությունը այս խնդիրը լուծելու համար քայլեր ձեռնարկում է։ Սրան ի պատասխան Փաշինյանն ասաց, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վերջին շաբաթներին ամենօրյա ռեժիմով այդ ուղղությամբ աշխատում է, նախարարն ասել է, որ որքան էլ բարդ է այդ հարցը, բայց լուծումը գտել են․«Առնվազն մեկ շաբաթվա մեջ փորձենք աշխատավարձը ստանան հնարավորինս արագ»։
Մեկ այլ հարց էլ հնչեց՝ արդյոք Գյումրին այս տարի տոնածառ կունենա՞, Փաշինյանը ի պատասխան ասաց՝ այլընտրանք չկա, կլուծենք հարցը։