ՀՅԴ-ն ուզում է հաջորդ մահափորձն ավելի հեշտ անի, երբ բողոքում է՝ վարչապետը, ԱԺ նախագահը թիկնապահներ ունեն
Աժ փոխնագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց դաշնակցական պատգամավորների՝ պաշտոնյանների թիկնապահ ունենալու մասին ելույթում, ասելով՝ չեք գնում ձեր ղեկավարին ասում՝ պարո՛ն Քոչարյան, երբ դուք թիկնապահ ունեք, մեկ-մեկ դաշնակցականներ են սպանվում
«Փորձում էի հասկանալ՝ որտեղից է գալիս մեր դաշնակցական գործընկերների ֆետիշը պետական պաշտոնյաների թիկնապահների վերաբերյալ, և ինձ թվում է՝ ես հասկացա: 1996 թվականին, երբ առաջին անգամ ներխուժում տեղի ունեցավ ԱԺ, ծեծի և բռնության ենթարկվեցին ԱԺ նախագահն ու նախագահի տեղակալը, Դաշնակցությունը ակտիվ ներգրավվածություն ուներ այդ գործընթացում»,- այս մասին, այսօր Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և պարզաբանեց՝ ինչի մասին է խոսքը:
Ռուբինյանի խոսքով՝ 1999 թվականին, երբ արդեն երկրորդ անգամ զինված ներխուժում տեղի ունեցավ ԱԺ, սպանվեցին ԱԺ նախագահը, երկու տեղակալները, վարչապետը, այլ պաշտոնյաներ, տեռորիստական խմբի ղեկավարը նախկին դաշնակցական էր․« Կարծում եմ՝ Աղվան Վարդանյանը կվկայի, որ դաշնակցականը նախկին չի լինում։ 2018 թվականին (հավանաբար նկատի ունի 2020 թվականի նոյմեբերի 9-ը, խմբ․), երբ երրորդ անգամ տեղի ունեցավ ներխուժում ԱԺ, և մահափորձ տեղի ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ, նույն պահին դաշնակցության ներկայացուցիչներից մեկը գրոհում էր «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը. էլ չեմ ասում՝ քանի դաշնակցականներ էին ներգրավված այդ անկարգությունների ժամանակ: Սրանք ակնհայտ և անհերքելի փաստեր են»:
ԱԺ փոխնագահն ասաց, որ ուղղակի կարող է ենթադրել միայն մի բան՝ երբ դաշնակցական գործընկերները բողոքում են, որ պետական պաշտոնյաներն ունեն թիկնապահներ, որոնք, ի դեպ, իրենց ընտրությամբ չէ, որ ունեն, հատուկ պահպանվող անձինք են՝ վարչապետ, ԱԺ նախագահ և այլն, իրենք բողոքում են, որովհետև ուզում են, որ հաջորդ մահափորձն ավելի հեշտ իրականացնեն․ «Միակ տրամաբանական բացատրությունը սա է: Բայց միևնույն ժամանակ մեր դաշնակցական գործընկերները պարադոքսալ կերպով չեն բողոքում, որ Ռոբերտ Քոչարյանը թիկնապահ ունի, հիմա էլ ունի: Ինչո՞ւ, սիրելի՛ գործընկերներ, չեք գնում ձեր քաղաքական ուժի ղեկավարին ասում՝ պարո՛ն Քոչարյան, փորձը ցույց է տալիս, որ երբ դուք թիկնապահ ունեք, մեկ-մեկ դաշնակցականներ են սպանվում, եկեք դուք ամեն դեպքում մի՛ ունեցեք թիկնապահ, մարդ ես, կարող է մեկիս տա, «անդազահան» անի։ Դեմագոգիայում էլ դուք տաղանդ չունեք, կարելի է դեմագոգինա լավ անել, ձեր մոտ դա չի ստացվում»։
Նրա խոսքով՝ վիճակագրությամբ՝ մեր իշխանության ժամանակ որևէ պաշտոնյայի թիկնապահ չի սպանել որևէ դաշնակցական, ձեր իշխանության ժամանակ պետական պաշտոնյայի թիկնապահը սպանել է առնվազն մեկ դաշնակցականի։
Նա արձագանքեց պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթին՝ իրական և պատմական Հայաստանի մասին․«Վարդանյանն ասում է՝ իսկ ով է վիճում իրական Հայաստանի հետ։ Դաշնակցությունն է վիճում և դրա մասին վկայում է վերջերս հրապարակված դաշնակցության շրջաբերականի տեքստը, որում ասվում է՝ սահմանազատումը երբեք չի բխում հայ ժողովրդի շահերից։ Ինչը նշանակում է, որ դուք ասում եք՝ հայ ժողովուրդը չպիտի ունենա հստակ սահմաններ։ Այլ ձև սա հնարավոր չի մեկնաբանել։ Բացեք ձեր ծրագիրը կադացեք ու համեմատեք իրական Հայաստանի հետ»։