«Քուչի տղերքի» իշխանությունը | Region

«Քուչի տղերքի» իշխանությունը

Փետրվար 14,2018 15:56

Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի տեսագրություններն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ առնվազն 7 տղամարդ այս կամ այն կերպ ֆիզիկական բռնություն է գործադրում «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ:

Այս ամենով հանդերձ հայկական իրականության մեջ տարօրինակ չի թվա, եթե հետաքննությունը պարզի, որ Մարինա Խաչատրյանը փորձել է իրականացնել ահաբեկչություն: Ինչ կա որ: Հատկապես, որ հենց միջադեպի ժամանակ տարայի կասկածելի պարունակությունը բացի կոյուղաջրից ինչ ասես հիշեցրեց, է՜լ «կիսլատա», է՜լ թունավոր լուծույթ:

Տարայի նյութի բաղադրությունն ուսումնասիրող լաբորատորիան փորձաքննության կենթարկի եւ կհայտնաբերի, որ ավագանու անդամի ձեռքին տարայի մեջ ոչ թե Նուբարաշենի կոյուղու ջուրն էր, այլ, ասենք, վտանգավոր ծծմբային լուծույթ: Նա, ով կասկածում է նման լաբորատոր փորձաքննության արդյունքի հավանականությանը, թող հիշի Մասիսի հիվանդանոցի լաբորատորիան, որտեղ թեյից ստանում են մեզի անալիզներ:

Ուրիշ ելքեր, իհարկե, հնարավոր են, սակայն միայն այն համապատկերում, որ չխախտվի «քուչի տղերքի իշխանությունը»:

Քուչի տղերքը՝ որպես իշխանությունը պահող մոհիկաններ

Մի՞թե որեւէ մեկը կարծում է, թե գործող ռեժիմի համար Երեւանի Նուբարաշեն թաղամասի հինգ շենքերի բնակիչներն ավելին արժեն, քան «քուչի տղերքը»: Նրանք, ովքեր արդեն երեք տարվա իմունիտետ ունեն իրենց թաղի «հարազատ» դարձած գարշահոտության նկատմամբ, ՀՀ իշխանության կողմից հստակ սահմանված գին ունեն՝ ընդամենը 10.000 դրամ: Իսկ քուչի տղե՞րքը: Նրանք անգերազանցելի հարստություն են:

Նրանք են ամեն անգամ ապահովում իշխանության վերարտադրությունը Հայաստանում: Եվ նրանք են, որ իրենց ուսերին պահում են Ս. Սարգսյանի իշխանությունը: Ավելին, հենց նրանք են այդ իշխանությունը, եւ ամեն անգամ, երբ ինչ-որ բան հանդգնում է սպառնալ «ալպիական անդորրին», նրանք նետվում են կրծքով պաշտպանելու, փրկելու «քուչի իշխանությունը», որի ստորին հարկերում հաճելիորեն ապահով տեղավորվել են նաեւ իրենք:

«Քուչի իշխանության» բարձրահարկը տեղավորված է Երեւանի կենտրոնում, որը հիշեցնում է Բակունցի համանուն պատմվածքի «Ալպիական մարգագետինը»՝ հեռու մրրիկից ու ցեխի մեջ ոտաբոբիկ մնացած մոր ու մանուկից, ուր բզեզն իր համար տուն էր կառուցել մանուշակի գրկում, գլուխը թաթախել ծաղկափոշու մեջ՝ չտեսնելու մոխրագույն իրականությունը:

«Ալպիական աշխարհը» Ս. Սարգսյանի իշխանության համար Երեւանի կենտրոնն է՝ նուրբ ջերմոցային պայմաններով: Իշխանությունն այդ ամենն ապահովել է իր բարեկեցության համար, ապակե սահմաններ է քաշել, ուր չեն կարող հասնել ո՛չ Նուբարաշենի գարշահոտը եւ ո՛չ էլ գյումրեցի 80-ամյա թոշակառուի «սոված եմ» աղերսը:

Մի փոքրիկ տարա իրականությունից, եւ դա իսկական «կիսլատա» է, «ռումբ» է, որը կարող է պայթեցնել կյանքը «Ալպիական մարգագետնում»:

Նուբարաշենի «ռումբը»

Երեւակայական աշխարհը փլուզվեց, երբ ներս եկավ Նուբարաշենի «ռումբը»: Ժողովրդավարական, եվրոպական խաբկանքին փոխարինեց «քուչի» իրականությունը:

Երեկվա տեղի ունեցածը Ս. Սարգսյանի ռեժիմի իրական դեմքն էր: Եվրոպական փողերով սնվող իշխանությունը որքան էլ փորձի կեղծ ժողովրդավարություն ու մարդու իրավունքներ քարոզել, միեւնույն է, եվրոպական ծամածռանքի տակ թաքնված է բռնարար, կին ծեծող իշխանության հրեշավոր դեմքը:

«Քուչի իշխանությունը» պահանջված է աշխարհում, նրան սնում ու կերակրում են, քարոզում են ժողովրդավարական արժեքներ, թելադրում են նոր օրենքներ, հաղորդակից դարձնում միջազգային կոնվենցիաների, հանում են «քուչի» բլուզները, օսլայում մազերն ու օձիքը եւ վերջապես եվրաինտեգրում են, բայց ի՞նչ է ստացվում այդ ամենի արդյունքում:

Արդյունքում ունենում ենք «եվրաինտեգրված քուչի իշխանություն»: Ծեծում ենք ժողովրդավարական չափորոշիչներով, կանանց ինտեգրում ենք քաղաքականություն, որպեսզի ոհմակով ծեծենք:

Գիտի՞ այդ մասին Եվրոպան, գիտի՛: Բայց կարեւորը դա չէ: Կարեւորը «գենդերային հավասարության», «Կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ» եւ մի շարք այլ ծրագրերի հաջող ընթացքն է:

Այնպես էլ կարեւոր չէ, որ Հայաստանում գյուղերը դատարկվում են, կարեւորն իրենց ամուսիններին «խոպան» ճանապարհած միայնակ մնացած կանանց համար դահուկասպորտի ծրագիրն է, որ իրականացնում է ԵՄ-ն Շիրակի մարզի հեռավոր Աշոցքի տարածաշրջանում:

Եվ ի՞նչ է ստացվում, ստացվում է, որ «քուչի կանոններով» խաղալը պահանջված, ես կասեի՝ նույնիսկ ընդունված է աշխարհում:

Քրիստինա Մկրտչյան

Նորություններ