«Պուտինի հանձնարարությամբ ՌԴ քաղաքագետ-փորձագետների կողմից հնչող վիրավորանքների միակ հասցեատերը Ս. Սարգսյանն է» | Region

«Պուտինի հանձնարարությամբ ՌԴ քաղաքագետ-փորձագետների կողմից հնչող վիրավորանքների միակ հասցեատերը Ս. Սարգսյանն է»

Դեկտեմբեր 01,2017 13:49

«Բայց չէ՞ որ ոչ ԵԱՏՄ անդամագրվելն է եղել հայ ժողովրդի կամքով, ոչ էլ ԵՄ հետ ասոցացվելու այս պայմանագիրը ստորագրելը։ Մենք ոչինչ չենք արել։ Ամեն ինչ արել է անձամբ Սերժ Սարգսյանը՝ հաճախ մեկ գիշերվա ընթացքում որոշումներ փոխելով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արմեն Աղայանը՝ հավելելով, որ ուստի ՌԴ-ից հնչող բոլոր վիրավորանքների միակ հասցեատերն անձամբ Ս. Սարգսյանն է: «Պուտինին ու նրա քարոզչության զոհ ռուս ժողովրդին նույնացնող այդ «քաղաքագետ-փորձագետները» դժվար թե ընկալեն այն իրողությունը, որ Սերժն ու Հայաստանն իրար հետ շատ քիչ կապ ունեն։ Եղած կապն էլ թշնամական է»,- գտնում է նա:

ԳԱԼԱ—ի հարցազրույցը՝ քաղաքագետ Արմեն Աղայանի հետ:

—Պարոն Աղայան, ՀՀ—ԵՄ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո իշխանության ներկայացուցիչները շտապեցին դա մեծ ձեռքբերում համարել՝ նշելով, թե Ս. Սարգսյանի ասած «և—և»—ի քաղաքականությունը կյանքի կոչվեց: Ձեր գնահատմամբ, սա ԵՄ—ի կողմից բարի կամքի դրսևորո՞ւմ էր մի երկրի նկատմամբ, որը ԵԱՏՄ անդամ է, թե՞ ԵՄ—ն էլ իր շահերն ունի:

— Սեփական ժողովրդի համար ատելի կոռումպացված ընտրակեղծարարի համար ԵՄ հետ ցանկացած ձեռքսեղմում, ցանկացած թղթի ստորագրում, անկախ դրա բովանդակությունից, արդեն իսկ անձնական մեծ ձեռքբերում է: Միայն արտաքին լեգիտիմության նմանօրինակ բեմականացումներով է հնարավոր փոխհատուցել ներքին լեգիտիմության չգոյությունը:

Մինչ այժմ, ու հատկապես եվրաասոցացման նախկին համաձայնագիրը մերժելուց և ԵԱՏՄ-ին անդամակցումից հետո, Սերժ Սարգսյանի լեգիտիմության միակ աղբյուրը մնացել էր Պուտինը՝ իր պես կոռումպացված և ավտորիտար մի ղեկավար՝ իր արբանյակների հետ միասին։ «Եվ-և» ասելով Սերժ Սարգսյանն առաջին հերթին նկատի ունի աջակցությունն իր անձնական իշխանությանը ոչ միայն Մոսկվայից, այլև Արևմուտքից։

/LimiteText/

Երկրորդ ձեռքբերումը Հայաստանում իշխող վարչախմբի համար սպասվող ֆինանսական աջակցությունն է, որը գոնե որոշ չափով և որոշ ժամանակ կարող է մասամբ փակել բյուջեական ահռելի ճեղքը։ Չէ՞ որ Ռուսաստանն ինքն է ծանր տնտեսական վիճակում և Հայաստանը դիտարկում է որպես շահագործման առարկա, այլ ոչ թե ներդրման գոտի։

Ինչ վերաբերում է Եվրամիության շահին՝ այն բազմաբնույթ է: Լայն իմաստով Արևելյան գործընկերության ծրագրի նպատակը ԵՄ սահմաններին բուֆերային գոտի և յուրօրինակ զտիչ ստեղծելն է, որը կհեռացնի և կչեզոքացնի Արևելքից սպառնացող վտանգները, միաժամանակ կդյուրացնի այն ռեսուրսների հոսքը, որի կարիքը Եվրոպան ունի՝ մասնավորապես հետխորհրդային երկրների եվրոպական մշակույթում ավելի արագ ձուլվող աշխատանքային և մտավոր ռեսուրսների հոսքը։

Հայաստանի հետ ինչ-որ համաձայնություն կնքելն ուներ նաև Եվրասիական նորակայսրության պատը ճեղքելու իմաստ: Ավելի ուշ այս նախադեպը կօգտագործվի Բելառուսի հետ հարաբերություններում, որն ավելի մոտ է Եվրոպային, ավելի խոշոր է ու ավելի եվրոպական:

—Մի կողմից հասկանալի է, որ առանց ՌԴ հետ համաձայնեցնելու Ս. Սարգսյանը նման համաձայնագիր չէր ստորագրի, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, թե ինչպիսի հիստերիա է բարձրացել ՌԴ քաղաքագիտական—փորձագիտական շրջանակներում: Ինչո՞վ կարելի է դա պայմանավորել:

— Համաձայնեցում իհարկե եղել է՝ փաստաթղթից հանվել են այն կետերը, որոնք ընդունելի չէին Մոսկվայի համար։ Ի վերջո Պուտինը չի մերժել վերջին տարիներին իրենից պարբերաբար նեղացող Սերժ Սարգսյանին, բայց հնարավոր է, որ դեպի Եվրոպա նրա ռևերանսները, այնուամենայնիվ, ռուս կայսրին հաճելի չեն։ Գրպանային «քաղաքագետ-փորձագետներին» էլ հանձնարարված է բարձրաձայնել այն, ինչը Պուտինն ինքը Սերժի երեսին չի ուզեցել ասել։

Մոսկվան համաձայնվել է նաև այն պատճառով, որ ինքն այսօր չի կարող մեղմել Հայաստանի ծանր տնտեսական վիճակը ու դեմ չէր լինի, որ այդ հոգսն իրենց վրա վերցնեին եվրոպացիները։ Ուստի ներկայացվում է, որ Երևանը ծախվել է, որպեսզի Հայաստանի ավելի հեռանալու դեպքում մեղավորը Մոսկվան չլինի։

—Մենք տեսանք, թե НТВ-ի եթերում ինչ գնահատականներ հնչեցին և ՀՀ այս քայլի շուրջ փորձագետներն ինչպիսի ոչ կոռեկտ համեմատականներ տարան: Ի՞նչ եք կարծում, դա Կրեմլի թողտվության արդյո՞ւնք է:

— Ոչ թե թողտվության, այլ հանձնարարության։ Նման հեռուստաշոուներում անգամ բոլոր դերաբաժանումները և կեղծ, բայց թեժ վեճերը համաձայնեցվում են։

Այստեղ նկատենք, որ Հայաստանում շատերը ծանր էին տանում ուղղակի վիրավորական խոսքերը Երկրի հասցեին։ Բայց չէ՞ որ ոչ ԵԱՏՄ անդամագրվելն է եղել հայ ժողովրդի կամքով, ոչ էլ ԵՄ հետ ասոցացվելու այս պայմանագիրը ստորագրելը։ Մենք ոչինչ չենք արել։ Ամեն ինչ արել է անձամբ Սերժ Սարգսյանը՝ հաճախ մեկ գիշերվա ընթացքում որոշումներ փոխելով։ Ուստի բոլոր վիրավորանքների միակ հասցեատերն անձամբ նա է։ Պուտինին ու նրա քարոզչության զոհ ռուս ժողովրդին նույնացնող այդ «քաղաքագետ-փորձագետները» դժվար թե ընկալեն այն իրողությունը, որ Սերժն ու Հայաստանն իրար հետ շատ քիչ կապ ունեն։ Եղած կապն էլ թշնամական է։

—Փաստորեն ՌԴ—ն երկակի խաղ է խաղում. մի կողմից ՀՀ իշխանությունները համաձայնագիր ստորագրելու «դաբրո» են ստանում, մյուս կողմից քննադատվում են: Ի՞նչ է այսպիսով անում ՌԴ—ն:

— Այո, երկակի խաղ է։ Բայց Մոսկվան դրանով ոչինչ էլ չի անում։ Պարզապես հետևում է իր ազդեցության գոտու կրճատմանը, ձևացնում է, թե դա իրեն շատ չի վնասի։ Միաժամանակ խանդի տեսարաններ է սարքում՝ տեսնելով, թե իր վասալներն ինչպես են այլոց սենյոր կոչում։ Երբեմն էլ փորձում է պատժել կամ գոնե սպառնում է։

—ՀՀԿ ներկայացուցիչները շտապեցին հայտարարել, որ իրենք շատ լավ ծանոթ են ՌԴ պաշտոնական տեսակետին, և որ ամեն մի փորձագետի կամ քաղաքագետի տեսակետ չեն պատրաստվում մեկնաբանել: Սրանով արդյոք իշխող քաղաքական ուժը հերթական անգամ ցույց չի տալիս իր անկարող լինելը:

— Իսկ ի՞նչ է, մենք սպասում էինք, որ ՀՀԿ-ականները հայհոյանքներով պատասխանեի՞ն Մոսկվայի հայհոյանքներին։ Անգամ նման արարքի համար նրանք, իրենց շեֆի հետ միասին, չափից ավելի ստրկամիտ են։

—Պարոն Աղայան, կարծիքներ կան, որ այս համաձայնագրի կնքումն ավելի վստահ դարձրեց Սարգսյանին, քանի որ 2013-ից հետո նա հանրությանն ապացուցելու բան ուներ ու դա արեց 2018-ի վերադասավորումների նախաշեմին, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:

— Սերժ Սարգսյանին ինքնավստահ է դարձնում որևէ ու հատկապես ազգային ընդդիմության փաստացի բացակայությունը։ Ընդդիմադիր լուրջ ալիքի հայտնվելու դեպքում նրան ոչ մի եվրաասոցացում էլ չի փրկի, թեև նա անպայման փորձելու է համաձայնագրի ստորագրման փաստը հենց այդպես մեկնաբանել՝ որպես նաև եվրոպացիների վստահություն առ իր իշխանությունը և դրա առաջիկա վերարտադրությունը։

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

Նորություններ