Վ. Պուտինը հրապարակավ պատասխանել է Ս. Սարգսյանին, թե ինչու են զենք վաճառում Ադրբեջանին
Դժվար է ասել՝ Ս. Սարգսյանի մոտ հիշողության խնդի՞ր կա, թե՞ նա պարզապես ստում էր՝ հայտարարելով, որ Ռուսաստանի Դաշնությունն Ադրբեջանին սպառազինելու վերաբերյալ բարձր պաշտոնական մակարդակով հայտարարություններ չի հնչեցրել, եւ որ այս առումով ՌԴ պաշտոնական տեսակետը, մոտեցումը հայտնի չէ:
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2016թ.-ի օգոստոսին, ՌԴ-ն ամենաբարձր՝ նախագահ Վ. Պուտինի մակարդակով Ս. Սարգսյանի եւ բազմաթիվ լրագրողների ներկայությամբ արդարացրեց Ադրբեջանին զենքի վաճառքը:
Վ. Պուտինը մասնավորապես հայտարարեց, որ հիմա աշխարհի ցանկացած երկիր կարող է ձեռք բերել ցանկացած տեսակի սպառազինություն: Եվ հատկապես Ադրբեջանի նման երկրի համար խնդիր չէ զենք ձեռք բերելը: Պուտինը հասկացրեց, որ միեւնույն է, Ադրբեջանը զենք է ձեռք բերելու, եւ Ռուսաստանն օգտվում է այդ հանգամանքից՝ կարեւորելով իր երկրի բիզնես շահերը եւ հասկացնելով, որ ՌԴ-ն շարունակելու է զենքի մատակարարումն Ադրբեջանին:
Սա Ս. Սարգսյան — Վ. Պուտին համատեղ ասուլիսում էր՝ Մոսկվայում, իսկ Վ. Պուտինը պատասխանում էր հայաստանցի լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու է ՌԴ-ն շարունակում սպառազինության մատակարարումն Ադրբեջանին, որը ռուսական զենքն օգտագործում է է ՌԴ դաշնակից երկրի ուղղությամբ:
Ս. Սարգսյանի սուտը
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հայ-ռուսական հարաբերությունների ամենացավոտ կողմն է: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում հայտարարեց Սերժ Սարգսյանը:
«Այդ հարցը, իմ կարծիքով, ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ կան հանգամանքներ, եւ միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Հաղորդավարի այն նկատառմանը, որ Ադրբեջանին զենք վաճառելու մասին խոսակցություններին Ռուսաստանը պատասխանում է, որ դա բիզնես է, Ս. Սարգսյանը հայտարարեց, թե ռուսական կողմի պաշտոնական հայտարարությունը չէ, այլ ինչ-որ քաղաքագետների կարծիքն է: Սերժ Սարգսյանի խոսքերով՝ իր համար ՌԴ պաշտոնական դիրքորոշումը կարող է համարվել միայն այն տեսակետը, որը կհնչի ՌԴ նախագահի կամ գոնե ՌԴ ԱԳՆ Լավրովի շուրթերից:
Հայտարարություն ՌԴ նախագահ Վ. Պուտինի շուրթերից
ՌԴ կողմից Ադրբեջանին սպառազինելու վերաբերյալ հրապարակային դժգոհություն Ս. Սարգսյանը հայտնեց 2016թ.-ի ապրիլի 8-ին, ՌԴ վարչապետի երեւանյան հանդիպման ժամանակ: Նա ասաց, որ հանրության մոտ կա դժգոհություն, որ Ադրբեջանը կրակում է դաշնակցի զենքից:
Վարչապետ Մեդվեդեւը Ս. Սարգսյանի այս հայտարարությունն ընդհանրապես անպատասխան թողեց:
Հաջորդ հրապարակային հայտարարությունը նույն թվականի օգոստոս ամսին էր՝ Մոսկվայում: Ս. Սարգսյան — Վ. Պուտին համատեղ մամլո ասուլիսի ժամանակ այս հարցը հնչեց հայ լրագրողից: Եվ հրապարակային պատասխանը ՌԴ նախագահ Վ. Պուտինի շուրթերով հնչեց:
Նախ ՌԴ վարչապետն անդրադարձավ Հայաստանին զենքի մատակարարմանն՝ ասելով.
«Ինչ վերաբերում է զենքին, ապա մենք առաջնորդվում ենք ծրագրով: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը մեր դաշնակիցն է: Մենք ունենք որոշակի փոխադարձ պարտավորություններ, եւ Ռուսաստանը միշտ հավատարիմ է իր պարտավորություններին, միշտ կատարում է իր պարտավորությունները»:
Հարցին, թե Ադրբեջանին ինչու են զենք վաճառում, որն ուղղվում է դաշնակից երկրի՝ Հայաստանի դեմ, ՌԴ նախագահը պատասխանեց.
«Այսօրվա շուկայում սպառազինությունների պակաս չկա, ցանկացած երկիր կարող է գնել գրեթե ցանկացած զենք: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Ադրբեջանի նման պետությանը, որը նավթարդյունաբերող երկիր է, որտեղ ապրում է շուրջ 10 միլիոն մարդ, եւ որտեղ արագ աճող տնտեսության հետ, տիրապետելով բավականին մեծ ծավալի ոսկու եւ արժութային պահուստների, իհարկե, պետք է կարողանան գնել զենք ցանկացած երկրից»:
Վ. Պուտինն այսպիսով հրապարակավ հայտարարեց, որ ՌԴ-ն ավելի շատ շահագրգիռ է սեփական սպառազինությունը վաճառելու՝ միեւնույն ժամանակ հայտարարելով, որ չարժե ուշադրություն դարձնել հարցի ռազմական կողմի վրա, պետք է խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Քրիստինա Մկրտչյան