«Ռուսաստանի Դաշնությունը կկռվի՞ Ղարաբաղի համար… ո՛չ, չի լինի նման բան» | Region

«Ռուսաստանի Դաշնությունը կկռվի՞ Ղարաբաղի համար… ո՛չ, չի լինի նման բան»

Հունիս 12,2017 14:11

«Ղարաբաղի համար այլևս գոյություն չունի «խաղաղության բանալի», այն կորել է ինչ-որ մի տեղ, լեռներում: Բաքուն, իհարկե, շարունակում է մտածել և պնդել, որ այդ բանալին գտնվում է Կրեմլում: Իհարկե, դա Մոսկվայի հնարավորությունների մասին խիստ հաճելի տեսակետ է, սակայն, ցավոք, գործնականում դա այդպես չէ: Ադրբեջանը կարծում է, որ եթե Մոսկվան իր ձեռքը քաշի Լեռնային Ղարաբաղի վրայից, «անկլավային» տարածքն անդառնալիորեն և անհապաղ կզավթվի ադրբեջանական բանակի կողմից: Բայց դա այդպես չէ»,- այս կարծիքին է արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը: ԳԱԼԱ-ի հետ զրույցում նա անդրադարձ է կատարել«Միջազգային ճգնաժամային խմբի» հրապարակած զեկույցին՝ կապված ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, ինչպես նաև ՀԱՊԿ և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակված զեկույցով զգուշացնում էր, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական նոր առճակատման վտանգ կա:
«Լեռնային Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվել». այսպես էր վերնագրված կառույցի զեկույցը:

Ռուսաստանցի քաղաքագետը նկատում է՝ հարցադրումը պետք է լինի ոչ թե այն, թե կա արդյոք պատերազմի վտանգ, այլ կոնկրետ երբ, ինչից հետո կարող է կրկին հակամարտության գոտում պայթել պատերազմը:

«Այդ իսկ պատճառով անգամ զեկույցի վերնագիրն է ամեն ինչի մասին խոսում, մնացած հատվածը կարելի է և չկարդալ: 2014 թվականի օգոստոսին տեղի ունեցած լարվածության աճից հետո հակամարտության գոտում իրավիճակն աստիճանաբար կարծես «զառիթափից վայր է գլորվում», և հատկապես 2016 թվականի ապրիլից հետո, երբ սկսվեց պատերազմը, բայց հպանցիկ կերպով կասեցվեց: Ադրբեջանը դժգոհ է այն հանգամանքից, որ ապրիլյան պատերազմից ավելի քան մեկ տարի անց նա ականատես է լինում առաջարկությանը՝ վերադառնալ 1994 թվականի բանակցային գործընթացին, իսկ դա Ադրբեջանին բացարձակ դուր չի գալիս: Սկզբունքորեն, Բաքուն դա չի թաքցնում:

Այդ իսկ պատճառով շարունակությունն անխուսափելի է, որովհետև բանակցությունները ոչ միայն ոչինչ չեն տվել: Չկա անգամ բուն բանակցային պրոցես՝ նախկին սովորական, ստանդարտ ձևով: Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանին բանակցությունները պետք չեն, Հայաստանը տեսնում է, որ խոսելն արդեն անօգուտ է: Բայց անգամ վերը թվարկածները գլխավորը չեն: Գլխավորն այն է, որ իրավիճակն աշխարհում դառնում է անկառավարելի: Եվ այս պատերազմում Ղարաբաղը չի կարող պարզապես մնալ խաղաղության և բարության օրրան»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ռուսաստանցի քաղաքագետը:

Իսկ եթե տարածաշրջանում առկա լարվածությունը հանգեցնի լայնամասշտաբ պատերազմի, ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի դերակատարությունը, հարցին Գրիգորի Տրոֆիմչուկը նշում է. «Ռուսաստանը ոչ մի դերակատարություն չի ունենա: Դերը կլինի նույնը, ինչ տարիներ շարունակ. խաղաղության կոչ և հակամարտության քաղաքական կարգավորում, խնդրի հանգուցալուծում դիվանագիտական մեթոդներով: Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ամեն ինչ ասում է: Մոսկվան չի տեսնում այլ ելք, քան շարունակել բանակցային գործընթացը: Խնդիրն այստեղ մեկն է՝ առանցքայինն ու գլխավորը. բանակցային գործընթացի ձևական լինելը հանգեցրեց 2016 թվականի ապրիլին: Անտեսել այս հանգամանքը նշանակում է ընդհանրապես չհասկանալ՝ ինչ է տեղի ունենում տարածաշրջանում»:

Տրոֆիմչուկը կարծում է, որ հիմա բանակցային գործընթացն «անտերության» է մատնված, չկան նոր գաղափարներ և, դատելով իրավիճակից, ըստ նրա, չեն էլ լինի:
«Իսկ գաղափարների բացակայությունը երբեք լավ ավարտ չի ունենում: Առավել ևս, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո Ղարաբաղն ինքն անցում կատարեց նոր կարգավիճակի, նոր անունով: Բաքուն սա համարում է բաց մարտահրավեր՝ նետված իր ուղղությամբ հետապրիլյան իբրև թե կարգավորման գործընթացից հետո: Եթե Դուք նկատի ունեք հարցը, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կկռվի Ղարաբաղի համար, ապա ոչ, չի լինի նման բան: Այստեղ դեռևս հստակ չէ ՀԱՊԿ-ի դերակատարությունը, թեև իրականում այդ միավորումը, այլ ոչ թե Ռուսաստանը պետք է առաջին հերթին ամեն ինչ պահեր վերահսկողության տակ: Բայց այդ ահարկու ռազմական միավորման դերակատարությունը գրեթե չի զգացվում»:

Տրոֆիմչուկը վստահ է՝ եթե ստեղծված իրավիճակը կրկին հանգեցնի պատերազմի, այսպես թե այնպես գործընթացի մեջ կներքաշվեն Ռուսաստանը և Թուրքիան:
«Սակայն տարբեր կերպ: Թուրքիան, ամենայն հավանականությամբ, իրեն ավելի ակտիվորեն կդրսևորի, ընդ որում, հատկապես ռազմական գործում: Իսկ Ռուսաստանը կողմերին զսպվածության կոչ կանի: Կրկին կլարվեն ռուս-թուրքական հարաբերությունները: Վրաստանը ևս կունենա ինչ-որ դիրքորոշում, քանի որ չի կարողանա պրոցեսներից դուրս մնալ: Հասկանալի է, որ այդ դիրքորոշումը չի կարող լինել ռուսամետ: Սա բոլորն են հասկանում, ովքեր, այսպես ասած, «ղեկավարում են» համաշխարհային պատերազմները:
Բայց ինչ-որ մեկը, ով պետք է հաստատապես պայքարի, ՀԱՊԿ-ն է: Հակառակ պարագայում այդ կառույցը կփլվի, որովհետև այն ամեն դեպքում ստեղծված չէր թմրամիջոցների կամ ահաբեկչությունների դեմ պայքարի համար»:

Գրիգորի Տրոֆիմչուկից ԳԱԼԱ-ն նաև հետաքրքրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարության վերաբերյալ, որ իրենց հաջողվել է ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ գրասենյակի միջազգային դիտորդների թիվը 7-ի հասցնելու մասին համաձայնություն ձեռք բերել:

«7 դիտորդ… դա ուղղակի ծիծաղելի է: Հասկանալի չէ՝ ինչու Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներից հետո այդ դիտորդների թիվը հակամարտության գոտում 1000 կամ 5000 չէ: Նրանք վաղուց արդեն պետք է այնտեղ լինեին՝ ձեռք ձեռքի տված: Յոթ մարդ նախկինի նման կշարունակեն հանգստանալ գեղեցիկ հյուրանոցներում, լավ կսնվեն և կանեն դատարկ և ձևական հաշվետվություններ»:
Տրոֆիմչուկն ընդգծում է, որ իրականում այդ դիտորդները պետք է աչալուրջ մոնիթորինգ իրականացնեին շփման գծում՝ զինված տեսադիտարկման սարքերով, պետք է կատարվեին հասցեական դիտարկումներ՝ ո՞ր կողմն է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
«Իսկ մեզ մինչև հիմա պատմում են յոթ «համարձակների» մասին: Եվ նույնիսկ մինչև հիմա վերջնական որոշված էլ չէ՝ այդ հարցում հանգե՞լ են վերջնական պայմանավորվածության: Դե իհարկե, Մինսկի խմբի համանախագահներից կամ նրանց ընտանիքների անդամներից ոչ մեկը չի սպանվում, դրա համար կարելի է դեռ երկար կարող են անխռով կյանքով ապրել, ժամանակ առ ժամանակ բանակցել սեղանների շուրջ: Այդ յոթ մարդիկ մեզ պետք է որոշ հարցերի պատասխաններ տան՝ ով է մեղավոր 2016 թվականի ապրիլի կամ 2017 թվականի փետրվարի համար, քանի որ 2017 թվականի մայիսի համար Ադրբեջանը հանգիստ պատասխանատվությունը վերցրեց իր վրա»:

Կարծիք կա, որ ռազմական գործողությունները հնարավոր կլինի կանխել, եթե Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան այս հարցում գործեն համակարգված, որպեսզի կողմերն ուժի լեզվով չխոսեն, գործի չդրվի ռազմական հռետորաբանությունը: Ռուսաստանցի քաղաքագետը սակայն նշում է, որ հիմա շատ ավելի դժվար է այս երկրների համար գործել համակարգված, քան, ասենք, հինգ տարի առաջ:

«Եթե չկա համաձայնեցված գործողություն ոչ մի հարցում և ոչ մի տեղ, այդ թվում սիրիական հակամարտության հարցում, ինչպե՞ս կարող է խոսք գնալ Ղարաբաղի մասին»,- հարցադրում է քաղաքագետը:

«Ղարաբաղի համար այլևս գոյություն չունի «խաղաղության բանալի, այն կորել է ինչ-որ մի տեղ, լեռներում: Բաքուն, իհարկե, շարունակում է մտածել և պնդել, որ այդ բանալին գտնվում է Կրեմլում: Իհարկե, դա Մոսկվայի հնարավորությունների մասին խիստ հաճելի տեսակետ է, սակայն, ցավոք, գործնականում դա այդպես չէ: Ադրբեջանը կարծում է, որ եթե Մոսկվան իր ձեռքը քաշի Լեռնային Ղարաբաղի վրայից, «անկլավային» տարածքն անդառնալիորեն և անհապաղ կզավթվի ադրբեջանական բանակի կողմից: Բայց դա այդպես չէ: Ոչ միայն Ղարաբաղը, այլև ամբողջ տարածաշրջանը կներքաշվի պատերազմի մեջ: Ընդ որում, բոլորը ստիպված կլինեն բաց պատերազմել, ներառյալ Ռուսաստանը և Թուրքիան»:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ