«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար երկու հիմնական խոչընդոտ կա»․Ադրբեջանի փոխարտգործնախարար | Region

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար երկու հիմնական խոչընդոտ կա»․Ադրբեջանի փոխարտգործնախարար

Դեկտեմբեր 10,2024 12:58

Ադրբեջանը խաղաղության հասնելու խոչընդոտներից մեկը կրկին նշում է ՀՀ Սահմանադրությունը, պահանջելով փոխել այն

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար երկու հիմնական խոչընդոտ կա, որոնցից մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ է։ Այս մասին հայտարարել է  Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտները» թեմայով միջոցառման ժամանակ։

«« Ղարաբաղը Հայաստանի մաս է» դրույթն ընկալվում է որպես Հայաստանի Սահմանադրության հիմք»,-ասել է Մամեդովը։

Նա նշել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ պետք է կատարվեն։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մամեդովը հայտարարել է․«Երբ Ադրբեջանը 2020 թվականին օկուպացիայից ազատագրեց իր տարածքները, Բաքուն  2021 թվականին առաջին անգամ խաղաղության առաջարկներ արեց Հայաստանին։ Պատերազմում հաղթած երկիրը երբեք հակառակ կողմին խաղաղության առաջարկ չի անում, բայց մենք արեցինք։ Մենք պատրաստեցինք խաղաղության մասին հիմնարար սկզբունքներ։ 2020-2022 թվականներին մենք չգիտեինք, թե ինչ է ուզում Հայաստանը։ Հետո մենք համապարփակ քննարկումներ ունեցանք։ Դրանք տեղի ունեցան ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ղազախստանում, փորձեցինք խաղաղության համաձայնագիր մշակել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու երկու հիմնական խոչընդոտ կա, մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներն են, որն արտացոլված է նաև Հայաստանի Անկախության հռչակագրում։ Այնտեղ նշվում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է»։

Ադրբեջանի փոխարտգործնախարարը խաղաղության հասնելու որպես երկրորդ խոչընդոտ նշել է այն է, որ բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանի պատվիրակության անդամները տարբեր դիրքորոշումներ են հայտնում։

Մամեդովը նաև ասել է․«Հայաստանն ավելի քան 30 տարի է՝ չի կարողանում որոշել իր սահմանները, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հարցը դեռևս մնում է չլուծված»։

Էլնուր Մամեդովը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հույս է հայտնել, որ «Ադրբեջանը շուտով կկարողանա Կովկասում հասնել խաղաղության և առաջընթացի»։

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին պահանջին ի պատասխան հայտարարել է․ «ՀՀ Սահամանդրության տեքստում որևէ դրույթ ԼՂ մասին ոչ ուղղակի, և ոչ էլ անուղղակի չի պարունակում։ Պետք է հիշել, որ անկախության հռչակագրի և Սահամանդրության միջև գոյություն ունի, ըստ ընդունող սուբյեկտների, հստակ աստիճանակարգային տարբերություն։ Այսինքն, եթե Անկախության հռչակագիրն ընդունվել է հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի որպես ԽՍՀՄ կազմում գտնվող 15 միութենական հանրապետություններից մեկի պետական մարմնի կողմից, ապա Սահամանդրությունը ընդունվել է ՀՀ  միջազգայնորեն ճանաչված անկախ պետության ինքնիշխան ժողովրդի կողմից»։

Հայկական կողմը Բաքվի ադ պահանջին բազմիցս է անդրադարձել, նշելով՝ «Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից: ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին»։

 

Նորություններ