Իրանի դեմ մեծ արշավ է ծրագրվում. տարածաշրջանում թեժ կլինի | Region

Իրանի դեմ մեծ արշավ է ծրագրվում. տարածաշրջանում թեժ կլինի

Փետրվար 18,2017 15:04

«Մեծ Ադրբեջան, անկախ Ղարաբաղ կամ Մեծ Հայաստան, Թալիշստան, Լեզգիստան… հետո՝ ինչպես կստացվի»: Նման նախաբանով է սկսել «Ռեգնում»-ում տպագրված իր հոդվածը Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

«Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ ամերիկացի իր գործընկեր Ջեյմս Մետիսի հետ առաջին հանդիպման ժամանակ քննարկել են Իրանից եկող սպառնալիքի հարցը եւ պայմանավորվել են այդ ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկել: Ինչպես նշել է Լիբերմանը, իրենք քննարկել են 3 հիմնական խնդիր, որոնց հետ բախվում է Իսրայելը- դա Իրանն է, Իրանը եւ Իրանը»:

«Իրանը, որն աշխարհագրական սահմաններ չունի Իսրայելի հետ, դրանք ստեղծել է Լիբանանում «Հըզբալլահի» եւ Գազայում «Համասի» միջոցով, եւ հանդիսանում է ահաբեկչական կազմակերպությունների գլխավոր հովանավորը»,-ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը: Իր հերթին Մետիսը հաստատել է ԱՄՆ-ի նոր վարչակազմի՝ Իրանի դեմ վճռական գործողությունների դիմելու մտադրությունը»:

«Այսպիսով, ԱՄՆ-ն ու Իսրայելը Մերձավոր Արեւելքում իրենց համար հիմնական սպառնալիք դիտարկում են ոչ թե «Իսլամական պետությանը», այլ Իրանին: Թիրախն ընտրված է, եւ այժմ անհրաժեշտ է կանխատեսել իրադարձությունների զարգացումն ու ընթացքը, ինչն ուղղակիորեն ազդեցություն կգործի ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ Անդրկովկասի վրա: Կա դիտարկվող մի քանի սցենար»,- գրում է Տարասովը:

1-ին սցենար — «Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանին ուղղված հրապարակային մեղադրանքները կհաճախակիանան, ուժի արտաքին ցուցադրությունը կուժեղանա: Վաշինգտոնը բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ մի շարք այլ երկրների հետ՝ ՆԱՏՕ-ի նման դաշինք ձեւավորելու նպատակով, սակայն ոչ թե ԻՊ-ի դեմ, այլ Իրանի: ԱՄՆ-ը կարող է նաեւ զորքեր տեղակայել Քուվեյթի ռազմաբազայում եւ մարտին սկսել ռազմական գործողություններ Եմենի դեմ՝ հակամարտության մեջ ներքաշելով Իրանին: Իսկ Սիրիայում կարող է վերահսկողություն սահմանել իրանա-սիրիական սահմանի երկայնքով, որպեսզի Սիրիային կտրի Իրանից: Այդ երկրի ներսում հնարավոր են սադրանքներ՝ տարբեր քաղաքական խմբավորումների միջեւ բախումներ հրահրելու եւ Ռուսաստանի դեմ տրամադրություններ ստեղծելու նպատակով:

Իրականում ակնհայտ են Իրանի կառավարող օղակներում պայքարի սրման նախանշանները: Մի քանի պահպանողական կուսակցություններ եւ առանձին գործիչներ հայտարարել են «Միասնություն» (Yekta) դաշինքի ստեղծման մասին, որն ընտրությունների ժամանակ միացյալ ճակատով հանդես կգա Հասան Ռոուհանիի դեմ: Իր հերթին Իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլլա Ալի Համենեին՝ խոսելով երկրում առկա տնտեսական խնդիրների մասին, մեղադրանքներ է հնչեցրել նախագահ Ռոուհանիի հասցեին: Այսպիսով, առաջին սցենարը բավականին գործուն է»:

2-րդ սցենար— «Այաթոլլա Համենեին իր հայտարարությամբ հանդես է եկել Թեհրանում՝ դիմելով Արեւելյան Ադրբեջան նահանգի իրանական ժողովրդական ժողովին: Կա կարծիք, որ այդ ելույթը նվիրված էր 1978թ.-ի փետրվարի 19-ին Թավրիզում տեղի ունեցած ապստամբությանը, որը դարձավ 1979թ.-ի Իսլամական հեղափոխության նախերգանքը: Սակայն այդ կերպ նա միաժամանակ նախանշեց նաեւ ադրբեջանական գործոնը, ինչը վերջին շրջանում պասիոնարություն է ձեռք բերում Իրանում:

Վերջերս այսպես կոչված «Ադրբեջանի դիմադրության ազգային կազմակերպությունը» (ANRO) հրապարակեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված դիմումը, որում կոչ է արվում Իրանի ադրբեջանցիներին չդիտարկել որպես իրանցի, նաեւ կա պնդում՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հարավային Ադրբեջանում ադրբեջանցիների ինքնորոշման համար: Օրերս Ուրմիա քաղաքից ընտրված պատգամավոր Հադի Բահադուրին սենսացիոն ճառով հանդես եկավ իրանական խորհրդարանում՝ պահանջելով ադրբեջանցիներին մայրենի լեզվով ուսանելու իրավունք շնորհել եւ միայն ադրբեջաներենով հեռարձակվող հեռուստաալիք ստեղծել:

ԱՄՆ-ն ու Իսրայելն Իրանում էթնիկ գործոնները դիտարկում են որպես այդ երկրում իրավիճակի ապակայունացման կարեւորագույն միջոցներ: Բանն այն է, որ այդ պատմական պատճառների արմատները ձգվում են դեպի ԽՍՀՄ-ի հետպատերազմյան դարաշրջան, երբ Իրանի հյուսիս-արեւմտյան նահանգների թյուրքալեզու բնակչությունն ակտիվ մասնակցություն ունեցավ համաիրանական քաղաքական գործընթացներին: Այսօր կրկին այդ ամենը ջրի երես է դուրս գալիս: Այսօր կարելի է մտորել Իրանական Ադրբեջանում միայն հնարավոր «ինքնավարության», ոչ թե անջատողականության մասին, սակայն վաղը թյուրքալեզու իրանցիները կարող են պահանջել պարսկական հյուսիսային նահանգների վերադարձը (ներկայիս Ադրբեջանը), որը Ռուսական կայսրության կազմում էր հայտնվել 19-րդ դարում Պարսկաստանի հետ պատերազմներից հետո:

Եթե նման բան տեղի ունենա, ապա թյուրքալեզու իրանցիներն Իրանում այլեւս էթնիկ փոքրամասնություն չեն կազմի, իսկ հետո կարող են սեփական անկախ պետության ստեղծման պահանջ ներկայացնել: ԱՄՆ-ն եւ Իսրայելը ճնշման եւ ապակայունացման նմանօրինակ քաղաքական տեխնոլոգիաներ արդեն կիրառել են Իրաքում, Սիրիայում եւ Թուրքիայում: Պատահական չէ, որ վերջին տարիներին Թեհրանն ակտիվացրել է երկրի հյուսիսում իրանամետ կողմնորոշում ունեցող էլեկտորատի ձեւավորման աշխատանքները՝ ընդգրկելով թալիշական եւ մուղանական նահանգները:

Այլ հարց է, որ Իրանում համարում են, որ իրանական ադրբեջանցիները ծագումով զտարյուն պարսիկ են, ովքեր ժամանակի ընթացքում փոխառել են թյուրքական լեզուն: Նշվում է, որ մարդաբանական տեսակով Իրանի ադրբեջանցիները նման են պարսիկներին եւ թուրքերի հետ ոչ մի ընդհանրություն չունեն: Ամեն դեպքում նախորոշված սցենարն արդեն գործի է դրվել եւ բազմաէթնիկ Իրանը կարող է հայտնվել Իրաքի կամ Սիրիայի վերածվելու շեմին»:

3-րդ սցենար- «Երրորդ տարբերակը կարող է լինել արտաքին ներխուժումն Իրան, ինչն այս փուլում քիչ հավանական է: Առավել հեռանկարային է թվում այն գործողությունը, որ ԱՄՆ-ն ու հակաիրանյան դաշինքը կփորձեն արտաքին ճնշում գործադրել՝ խթանելով ցնցումները երկրի ներսում: Իրանում իրավիճակի կտրուկ փոփոխության եւ ապակայունացման դեպքում ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ կիրականացնի Իրանի գործող վարչակազմի հանդեպ լոյալ ուժերի չեզոքացման գործողություն, կհայտարարի ինչ-որ «էթնիկ տարածքում» նոր կառավարության ստեղծման մասին, որին ռազմական եւ այլ տեսակի աջակցություն կցուցաբերվի: Իրանի հարավում ամերիկյան զորքերը վերահսկողության տակ կվերցնեն նավթահանքերը, իսկ մյուս շրջաններում վերահսկողություն կսահմանեն միջուկային նշանակության օբյեկտների նկատմամբ»:

Եզրահանգում- «Հաստատուն զգացում է առաջանում, որ իրանական ուղղությամբ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ակտիվացումը քաղաքական դասի այսպես կոչված բարեփոխիչ եւ պահպանողական թեւերի միջեւ քաղաքական խաղերից էվոլյուցիոն զարգացումով կփոխարինվի էթնոսոցիալական խնդիրների Իրանի տարբեր նահանգներում: Այդ դեպքում, անտարակույս, տվյալ սցենարով իրադարձությունների զարգացումը կառնչվի նաեւ Ռուսաստանի առանցքային շահերին»:

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Նորություններ