Փաշինյան․Շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունը խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու համար է, այդ թվում՝ թալանվածը և թալանվողը հետ բերելու
Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին Փաշինյանն ասում է՝ չփաստաթղթավորման հնարավորություններով խոշոր բիզնեսները իրենց միլիոնների և միլիարդների ներկրած ապրանքները ՀԴՄ-ներով և այս փոքր կետերի միջոցով ծախսագրում են, դուրս են դուրս են գրում, վաճառում են, ինչը հնարավորություն է տալիս, որ իրենք ցույց չտան իրենց կողմից ներմուծված ապրանքների իրական չափը և խուսափեն հսկայական հարկեր վճարելուց
Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հարկային օրենսգրքի փոփոխություններին, որով փոփոխվում է շրջանառության հարկի շեմը։
Փաշինյանը, հրապարակած իր տեսանյութում ասել է՝ շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունը խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու համար է, այդ թվում՝ թալանվածը և թալանվողը հետ բերելու:
«Իմ խնդրանքով բարձրացվող հարցերի շարքում քաղաքացիները բավականին շատ անդրադարձ ունեն շրջանառության հարկի հետ կապված փոփոխություններին, որոնք ուժի մեջ են մտնում հունվարի մեկից Կան մեկնաբանություններ, թե մենք սրանով ճնշում ենք փոքր բիզնեսին, բայց պետք է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում:
Գործող օրենսդրությամբ ասվում է, որ առևտրի կետերը որպես հարկ պետք է վճարեն իրենց շրջանառության 5%-ը, եթե իրենց կողմից վաճառվող ապրանքները փաստաթղթավորված չեն, այսինքն եթե որևէ ապրանք վաճառում են, չեն գրել, թե որտեղից են ձեռք բերել, իսկ եթե ցույց են տալիս, թե որտեղից են ձեռք բերել, այդ դեպքում հարկերը կարող են նվազեցվել և հասնել 1.5 տոկոսի»,-ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ սկզբունքորեն այս կարգավորումը խնդիր ունի իր մեջ, որովհետև անցյալում թվում էր, թե մենք մարդուն հնարավորություն ենք տալիս օրինական ստվերային շրջանառություն ապահովել․«Մենք պետք է փոխենք այս քաղաքականությունը, դա անտրամաբանական է և ապապետական է, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ երկար տարիներ տեղի ունեցող պրոցեսը մի քայլով չենք կարող ամբողջությամբ հետ պտտել: Դա համար ասում ենք, որ եթե փաստաթղթավորված չի ձեռք բերվող ապրանքը, այդ դեպքում պետք է վճարել 10% հարկ, իսկ եթե փաստաթղթավորված է, ընդհակառակը հարկը մի բան էլ նվազում է և 1,5 տոկոսից դառնում է 1%: Այսինքն իրականում օրինական աշխատող առևտրի կետի համար հարկը նվազում է 0։5%-ով»։
Փաշինյանի ներկայացմամբ՝ այստեղ խնդիր է ստեղծվում ոչ թե փոքր, այլ խոշոր բիզնեսի համար, որովհետև այդ չփաստաթղթավորման հնարավորություններով խոշոր բիզնեսները իրենց միլիոնների և միլիարդների ներկրած ապրանքները ՀԴՄ-ներով և այս փոքր կետերի միջոցով, ըստ էության, ծախսագրում են, դուրս են դուրս են գրում, վաճառում են․« Դա հնարավորություն է տալիս, որ իրենք ցույց չտան իրենց կողմից ներմուծված ապրանքների իրական չափը և այսպիսով խուսափեն հսկայական հարկեր վճարելուց»:
Վարչապետի համոզմամբ՝ օրենսդրական այս փոփոխությունը թույլ կտա, որպեսզի խոշոր բիզնեսի ստվերը կրճատվի, իսկ օրինական աշխատող փոքր բիզնեսի համար էլ հարկը կնվազի։