Գյումրու լուծարված ավագանին ՔՊ-ական նոր անդամներով է համալրվում, որոնցից մեկը պատգամավորի ամուսինն է | Region

Գյումրու լուծարված ավագանին ՔՊ-ական նոր անդամներով է համալրվում, որոնցից մեկը պատգամավորի ամուսինն է

Դեկտեմբեր 29,2024 11:37

Գյումրու ավագանու մանդատները վայր դրած ՔՊ-ական անդամներն իրենց գործունեության ընթացքում աչքի չեն ընկել, նրանք քաղաքի համար նշանակալի ոչինչ չեն արել։ Նոր անդամներից մեկը փրայմերիզի թեկնածուներից է, մյուսը՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի ամուսինը, որը մինչ այս ԱԺ-ում կնոջ օգնականն էր

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 անդամներ իրենց մանդատները վայր են դրել, նրանց փոխարինել են ընտրական ցուցակի հերթական  հաջորդ թեկնածուները։

Մանդատները վայր դրած ավագանու արդեն նախկին անդամներն են Արթուր Պապիկյանն ու Նարեկ Բեկզադյանը։

Գյումրիի թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը REGIONS TV-ին հայտնեց, որ դեկտեմբերի 27-ի նիստում հանձնաժողովը որոշել է, որ ՔՊ-ի ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամներ Պապիկյանի և Բեգզադյանի մանդատները տրվում են ՔՊ-ի ավագանու ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին՝ Էմմա Բարսեղյանին և Ալբերտ Մարտիրոսյանին։

Հիշեցնենք, որ «Բալասանյան Դաշինք»-ի ավագանու 14 անդամների մանդատները վայր դնելուց    հետո, Գյումրու ավագանին 19 անդամ ունի ու իրավազոր է շարունակել գործունեությունը, քանի որ քվորում ապահովելու համար անհրաժեշտ 17 մանդատը կա։

Ու թեև կառավարության դեկտեմբերի 12-ի որոշմամբ Գյումրիի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են, բայց մինչև առաջիկա ՏԻՄ ընտրությունները, այսինքն նոր ավագանու ձևավորումը, ինչպես վստահեցրեց Տիգրան Ղազարյանը, համարվում է գործող, կարող է նիստեր գումարել ու որոշումներ ընդունել, եթե իհարկե, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը նիստեր գումարելու նախաձեռնություն ցուցաբերի ու քվորում ապահովվի։

Սարիկ Մինասյանը լրագրողների հետ հարցազրույցում մի քանի անգամ հայտնել է, որ մտադիր չէ ավագանու նիստեր հրավիրել, այսինքն, փաստացի ավագանին անգործության է մատնված։ Հատկանշական է, որ ավագանիում մանդատներ են վայր դնում ու վերցնում, ըստ էության, ՔՊ-ն ավագանիում խմբակցությունը «թարմացնում է»։

Ի դեպ, մանդատները վայր դրած ավագանիները նախորդ 3 տարում իրենց գործունեությամբ երբևէ աչքի չեն ընկել։ Նրանցից մեկը՝ Արթուր Պապիկյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականն է, նախկին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի տեղակալն է եղել 2,5 տարի։ Պաշտոնավարել է լուռ, քաղաքի համար նշանակալի ոչինչ չի արել, խուսափել է լրագրողների հետ հանդիպումներից։

Մանդատը վայր դրած մյուս ավագանին՝ Նարեկ Բեգզադյանը, ինչպես տեղեկանում ենք ՔՊ-ի ընտրական ցուցակից, անհատ ձեռներեց է, ընդամնեը 5 ամիս է եղել ավագանիում, այդ ընթացքում, կարելի է ասել, ավագանին նիստեր չի էլ գումարել, Բեգզադյանը նույնպես լուռ գործունեություն է ծավալել։

Լուծարված ավագանիում նոր մանդատներ ստացած թեկնածուներից Էմմա Բարսեղյանն աշխատում է Շիրակի մարզպետարանում։ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրությունների մասնակիցներից էր։

Մանդատ ստացած մյուս թեկնածուն՝ Ալբերտ Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինն է, ընտրական ցուցակում նրա աշխատավայրը նշված չէ։

Հիշեցնենք, որ Էմմա Պալյանը  ինչպես անցած տարի գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, իր ամուսնուն՝ Ալբերտ Մարտիրոսյանին իրեն օգնական էր նշանակել ԱԺ-ում։ Պալյանը լրատվամիջոցներին ասել էր, որ ամուսինը հասարակական հիմունքներով է օգնական աշխատում․« Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր, հաճախ եմ լինում Շիրակի մարզում եւ Գյումրիում, եւ երբ տեղափոխվում եմ Երեւան, իմ ամուսինն է ինձ բերում ԱԺ: Որպեսզի շենքի դրսում չսպասի, դա իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք եւ իմ աշխատասենյակում սպասել, մինչեւ ես աշխատանքս ավարտեմ եւ միասին վերադառնանք մարզ կամ այլ գործի»։

Նույն լրատվամիջոցը գրել էր նաև, որ  Էմմա Պալյանի ամուսինը  Գյումրի քաղաքը սպասարկող «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տարածքում մեքենաների լվացման կետ է բացել։ Այս տեղեկությունը Պալյանը չի հերքել։

Կարինե Կազարովա

 

Նորություններ