Փաշինյան․«Մարդիկ մտածում են՝ ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, կգնանք Հռոմ, Ֆրանկֆուրտ, Բրյուսել»
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց՝ ՀՀ-ից ԵՄ ուղևորահոսքն ավելացել է, սա ավիացիոն ոլորտի բարեփոխման արդյունք է, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների բարեկեցության ցուցանիշ
ՀՀ-ից ԵՄ ուղևորահոսքի ավելացումը Հայաստանի ավիացիոն ոլորտում բարեփոխումների արդյունքն է։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ Փաշինյանը այս հարցի քննարկման ժամանակ նաև անդրադարձավ ԵՄ երկրների վիզա ստանալու համար ՀՀ-ում դեսպանատներում մեր քաղաքացիների մեծ հերթերին և դժգոհություներին։ Նա ասաց, որ ԵՄ գործընկերները պարզաբանել են, որ ՀՀ-ից ԵՄ երկրներ ուղևորահոսքն ավելացել է, ինչը անգամներով ավել է այդ երկրների կառավարությունների կանխատեսումներից։
Խոսելով ՀՀ քաղաքացիների՝ ԵՄ ճամփորդելու մասին, վարչապետն ասաց՝ որքան էլ կառավարությանը քննադատեն, որ սխալվել են, ձախողել են քաղավիացիայի բարեփոխումները․«Կառավարությունը մեր քաղաքացիների համար բացել է հնարավորություններ․«Մարդիկ մտածում են՝ ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, հետ գանք, կգնանք Հռոմ, Ֆրանկֆուրտ, Բրյուսել, սրա մեջ չափազանցություն չկա։ Սոցցանցերի հոսքը նայեք, սեզոններ կան, որ մարդիկ Հայաստանի տարբեր վայրերից ավելի քիչ լուսանկարներ են հրապարակում, քան ԵՄ մայրաքաղաքներից»։
Փաշինյանի վերլուծությամբ՝ նույնիսկ եթե դեպի ԵՄ էժան տոմսեր կան, մարդիկ մի քանի օրով գնում են ԵՄ երկրներ, այնտեղ գումար ծախսում, իսկ սա խոսում է, որ մարդկանց բարեկեցությունը լավացել է, նաև, իր խոսքով՝ սպառողական մենթալիտետն է փոխվել․«Իմ ունեցած տեղեկություններով՝ այս տարի մենք նկատել ենք, որ դեպի Վրաստան հերթեր նախորդ տարիների նման չեն եղել»։ Նա ասաց, որ նկատել են, որ այս տարի մարդիկ, որոնք նախընտրում էին Ամանորը Վրաստանում կամ ՀՀ հյուրանոցներում անկացնել, օդային տրանսպորտից են օգտվել․«Ենթադրվում է, որ նրանք ԵՄ են գնացել կամ Մերձավոր Արևելք և այլն։ Սա մարդկանց բարեկեցության մակարդակի կամ սպառողական մենթալիտետի փոփոխության արդյունք է»։
Նշենք, որ կառավարությունը հաստատեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը, որով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին: