«ՊԲ-ն երկընտրանքի առջև էր՝ առա՞ջ շարժվել, թե՞ ոչ…» | Region

«ՊԲ-ն երկընտրանքի առջև էր՝ առա՞ջ շարժվել, թե՞ ոչ…»

Դեկտեմբեր 27,2016 10:57

ԳԱԼԱ-ի հարցազրույցն Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի հետ:

-Պարոն Խանումյան, անցած 2016թ.—ը բավականին դժվարին տարի էր ինչպես ՀՀ, այնպես էլ առանձին վերցրած Արցախի համար: Ի՞նչ իրադարձություններ կառանձնացնեիք 2016թ.—ի ընթացքում, ի՞նչ զարգացումներ ապրեց վերջին մեկ տարին անկախ Արցախը:

-Իհարկե, տարվա կարևորագույն իրադարձությունն ապրիլյան էսկալացիան էր: Այն վերջին երկու տասնամյակների գլխավոր մարտահրավերն էր, որը ցույց տվեց, որ զգոնության կորուստ ենք ունեցել: Այս էսկալացիան հետաքրքիր էր նաև այն առումով, որ պաշտպանության բանակը երկընտրանքի առջև էր կանգնել՝ առա՞ջ շարժվել, թե՞ բավարարվել պաշտպանությամբ: Էսկալացիայի արդեն երրորդ օրն Ասկերանի, Մարտունու, մասամբ նաև Մարտակերտի շրջանների դիմաց կանգնած թշնամու ստորաբաժանումները կազմալուծված էին, և տասնյակ կիլոմետրերով պաշտպանության բանակի դիմաց ոչ զորք կար, ոչ բնակչություն: Այն, որ արցախյան կողմը կարող է տարածքային նոր ձեռքբերումներ ունենալ, լավ գիտակցվում էր Բաքվում, որն էլ սկսեց օգտագործել 2011թ.-ից հետո ձեռք բերված գերարդիական սպառազինություն՝ անօդաչու թռչող սարքեր, ռուսական «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, նույն կարգի «Լար-160» իսրայելական համակարգ: Ճիշտ է, վերջին երկու համակարգերից կրակեցին անմարդաբնակ տարածքների վրա, սակայն այդ փաստը, ինչպես նաև Ստեփանակերտը ռմբակոծելու սպառնալիքը վճռական նշանակություն ունեցավ Արցախի/Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա՝ զերծ մնալու տարածքային ձեռքբերումներից: Կարծում եմ այս երկընտրանքը նաև առաջիկայում կարող է լինել, եթե չկարողանանք մի քանի կարևոր հարցեր լուծել քաղաքացիական պաշտպանության, պաշտպանական նոր սպառազինությունների ձեռք բերման գործում:

-Պարոն Խանումյան, Արցախի անկախության ճանաչման հարցում ի՞նչ կարևոր աշխատանքներ կատարվեցին ՀՀ իշխանությունների կողմից:

-Բացարձակապես ոչ մի: Այդ հարցում Հայաստանն առավելապես հանդես է գալիս խանգարողի գործում: Նույնիսկ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խոստացված ռազմավարական բնույթի համաձայնագիրը չկնքվեց:

-2016թ.—ի ամենակնճռոտ էջերը թերևս ապրիլյան պատերազմի օրերն էին, ունեցանք մարդկային և տարածքային կորուստներ: Ի՞նչ դասեր քաղեցին իշխանությունները: Ի՞նչ հետևություններ արեցին:

-Կարծում եմ որոշակի աշխատանքներ կան: Տեղի է ունեցել իրենց գործում թերացած մի շարք հրամանատարների փոխարինում, զգալի ինժեներական աշխատանքներ են կատարվել, հիմնականում բարեգործական միջոցների, շինկազմակերպությունների ջանքներով:

-Պարոն Խանումյան, 2016թ.—ի ավարտին շատ խոսեցին զիջումների կամ «փոխզիջումների» և այս ճանապարհով Արցախի հարցի լուծման մասին: Ձեր ելույթներին Արցախի խորհրդարանում հետևել ենք: Տեղյակ ենք նաև Ձեր բարձրացրած հարցերին, որոնցով փորձում էիք ճշտել ԼՂ իշխանությունների վերաբերմունքն ինչպես Ս. Սարգսյանի հայտնի հարցազրույցի, այնպես էլ ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր—Պետրոսյանի՝ «հակամարտության լուծման» վերաբերյալ: Ի վերջո, ո՞րն է ԼՂ իշխանությունների դիրքորոշումը:

-Այդպես էլ պատասխան չեմ ստացել: Իսկ մեր հասարակության համար էական նշանակություն ունի այն հանգամանքի պարզումը, թե արդյոք 2011թ. Բակո Սահակյանն էլ է պատրաստ եղել տարածք հանձնել: Նախագահականը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս «վերադարձ 1988թ. սահմաններին և կարգավիճակին չի լինելու» անորոշ ձևակերպումով, որն, ի դեպ, ամբողջովին տեղավորվում է մադրիդյան սկզբունքների տրամադրության մեջ:

-Պարոն Խանումյան, օրերս ակտիվ քաղաքականություն մտնելու մասին հայտարարեց ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը: Վերջինս նաև իր կարծիքն էր հայտնել ԼՂ խնդրի վերաբերյալ, խոսել զիջումների և փոխզիջումների վտանգավորության մասին ու ասել, որ Արցախի հարցը ՀՀ տնտեսական զարգացման հետ կապ չունի: Ի՞նչ մեսիջներ կային Ս. Օհանյանի հայտարարությունում: Շատերը սա համարեցին ռևերանս՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին:

-Չեմ ուզում դեռևս գնահատականներ տալ: Տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները:

-2017թ.—ին որո՞նք են լինելու ՀՀ և Արցախի իշխանությունների հիմնական գործողությունները: Ի՞նչ դիվանագիտական աշխատանք է պահանջվում Արցախի խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհը նորից իր հունը վերադարձնելու համար:

-Գլխավորը պետք է լինի պաշտպանունակության բարձրացումը: Սրանից է կախված խաղաղության ամրապնդումը: Ինչ վերաբերում է դիվանագիտությանը, ապա կարծում եմ նրա գլխավոր խնդիրը պետք է լինի արցախյան արտադրանքի համար շուկաներ գտնելը և նոր ներդրումների ներգրավումն Արցախի տնտեսության մեջ:

-Պարոն Խանումյան, հայտնի է, որ ՀՀ իշխանություններին ձեռնտու է այս ստատուս—քվոն և լավագույն արդյունք են համարում նաև իրավիճակն այս կերպ պահելն ու երկարաձգելը: Սակայն հասկանալի է, որ Արցախի հարցի լուծումն այլևս այս վիճակով պահել հնարավոր չէ: Ի՞նչ նոր զարգացումներ են սպասվում մեզ:

-Գտնում եմ, որ Սերժ Սարգսյանն ամեն կերպ փորձելու է պահպանել իր իշխանությունը: Նախ ապրիլին տեղի ունեցող ընտրություններում կփորձեն թվեր նկարել Հանրապետականի համար, իսկ 2018թ. Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ՝ մնալով թիվ մեկ որոշում կայացնողը: Արցախում նույնպես նման գործընթաց է գնում մի քիչ այլ սցենարով: Սահմանադրության փոփոխությունները Բակո Սահակյանը դիտարկում է իր իշխանության վերարտադրության միջոց, և չնայած սահմանադրական արգելքին՝ 2017թ.-ից հետո ևս կփորձի նախագահել Արցախում:

Հարցազրույցը՝ Ք. Մկրտչյանի

Նորություններ