ՀՀ-ի՝ կոռուպցիայի ընկալման համաթիվն անփոփոխ է, հետ է Վրաստանից, առաջ՝ Ադրբեջանից և Թուրքիայից

Հրապարկվել է կոռուպցիայի ընկալման համաթվի նախորդ տարվա ցուցանիշները՝ Հայաստանի ԿԸՀ-ն գերազանցում է հարևան երկրների (բացի Վրաստանից) և ԵԱՏՄ մյուս երկրների 2024 թվականի ԿԸՀ արժեքները
Թրանսփարենսի Ինթերնեշնլը հրապարակել է Կոռուպցիայի Ընկալման Համաթվի (ԿԸՀ) 2024 թվականի արդյունքները։
Հայաստանի ԿԸՀ 2024 թվականի արժեքը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը՝ 47 միավոր։
Հիշեցնենք, 100 միավորը համարվում է կոռուպցիայից բացարձակապես մաքուր, 0-ն՝ բացարձակապես կոռումպացված։
180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը Խորվաթիայի հետ կիսում է 63-64-րդ տեղերը (2023 թ.-ին Հայաստանը գրավում էր 62-րդ տեղը):
Հայաստանի ԿԸՀ-ն գերազանցում է հարևան երկրների (բացի Վրաստանից) և ԵԱՏՄ մյուս երկրների 2024 թվականի ԿԸՀ արժեքները։ Վրաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը կազմում է 53 միավոր։
Իր հարևաններից Թուրքիայի ԿԸՀ արժեքը կազմում է 34, կիսում է 107-113-րդ տեղերը, Իրանը ՝ 23 արժեք` 151-153-րդ տեղերը, իսկ Ադրբեջանը՝ 22 արժեք՝ 154-157-րդ տեղերը։
ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը՝ 40 միավոր, զբաղեցնում է 88-91-րդ տեղերը, Բելառուսը՝ 33 միավոր՝ 114-120-րդ տեղերը, Ղրղզստանը՝ 25 միավոր՝ 146-148-րդ տեղերը և Ռուսաստանը՝ 22 միավոր՝ 154-157-րդ տեղերը:
Իսկ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների հետ համեմատվելիս Հայաստանը նույնիսկ միջին հորիզոնականներում չէ։ Սա նշանակում է, որ Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի՝ գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում։
Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլը հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած զեկույցի՝ աշխարհում մոոտ 6.8 միլիարդ մարդ ապրում է այն երկրներում, որոնց ԿԸՀ արժեքը 50-ից ցածր է: Սա համարժեք է աշխարհի 8 միլիարդ բնակչության 85%-ին:
Յոթ տարի անընդմեջ Դանիան գլխավորում է ցուցակը՝ 90 միավոր, որին գրեթե հավասար արդյունքով հաջորդում է Ֆինլանդիան՝ 88 միավոր, Սինգապուրը՝ 84:
Ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են հիմնականում անկայուն և հակամարտություններից տուժած երկրներում, ինչպիսիք են՝ Հարավային Սուդանը՝ 8, Սոմալին՝ 9, Վենեսուելան՝ 10, Սիրիան՝ 12, Լիբիան՝ 13, Էրիթրեան՝ 13, Եմենը՝ 13 և Հասարակածային Գվինեան՝ 13:
Հետազոտությամբ ընդգրկված երկրների ավելի քան քառորդը՝ 47 երկիր գրանցել է համաթվի իր պատմական ամենացածր ցուցանիշը, այդ թվում՝ Ավստրիան՝ 67 արժեք, Բանգլադեշը՝23, Բրազիլիան՝ 34, Կուբան՝ 41, Ֆրանսիան՝67, Գերմանիան՝ 75, Հաիթին՝ 16, Հունգարիան՝ 41, Իրանը՝ 23, Մեքսիկան՝ 26, Ռուսաստանը՝ 22, Հարավային Սուդանը՝ 8, Շվեյցարիան՝ 81, ԱՄՆ-ն՝ 65 և Վենեսուելան՝ 10:
Վերջին 5 տարվա ընթացքում 7 երկիր էական առաջընթաց են գրանցել՝ Կոտ դ’Իվուարը՝ 45 արժեք, Դոմինիկյան Հանրապետությունը՝ 36, Կոսովոն՝ 44, Քուվեյթը՝ 46, Մալդիվները՝ 38, Մոլդովան՝ 43 և Զամբիան՝ 39:
Վերջին 5 տարվա ընթացքում 13 երկրում արձանագրվել է էական անկում՝ Ավստրիան՝ 67, Բելառուսը՝ 33, Բելգիան՝ 69, Էլ Սալվադորը՝ 30, Ֆրանսիան՝ 67, Ղրղզստանը՝ 25, Լիբանանը՝ 22, Մյանման՝ 16, Նիկարագուան՝ 14, Ռուսաստանը՝ 22, Շրի Լանկան՝ 32, Միացյալ Թագավորությունը՝ 71 և Վենեսուելան՝ 10: